Հասարակություն 

Արարատի մարզպետի կարգադրությունն իրավաչափ չէ. Համայնքների միության նախագահ

Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հրամանագրով Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը զրկվել է համայնքապետի իր լիազորություններից, նրա փոխարեն մարզպետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները համաձայն չեն մարզպետի որոշման հետ, համայնքում մի քանի օր ակցիաներ անելուց հետո, այսօր եկել էին բողոքելու կառավարության շենքի դիմաց:

Նորաշեն համայնքի ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Analitik.am-ը զրուցեց Համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանի հետ: Վերջինս նշեց, որ Նորաշենի  ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակն ամբողջությամբ խճճված է և մարզպետի գործողությունների համար իրավական հիմքեր չկան:

Է. Երիցյանն ասաց, որ Նորաշենի ղեկավարը 6 ամիս շարունակ ավագանու նիստեր հրավիրել է, որի մասին տեղեկատվություն կա Արարատի մարզպետարանի էջում: Ավագանու 4 անդամի կողմից ընթացակարգային արձանագրության հետ կապված էլի հարցեր կան, որի հիման վրա էլ մարզպետը դադարեցրել է Նորաշենի ղեկավարի լիազորությունները:

«Այնպես որ իրավական որևէ հիմք չկա՝ օրենքի ուժով համայնքապետի լիազորությունների ժամկետը կարճելու համար: Մարզպետն այդ առումով շտապողականություն է  դրսևորել, համայնքապետի լիազորությունների դադարեցման համար պետք է հիմքեր լինեն»,-ասաց նա:

Հարցին, արդյո՞ք Նորաշենի համայնքապետը պետք է դիմի դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու համար, Էմին Երիցյանը պատասխանեց, որ խնդիրն այն է, որ ոչ թե համայնքապետը պետք է պաշտպանի իր իրավունքները, այլ այս պարագայում նա պետք է հաշվի չառնի մարզպետի կարգադրությունը։

«Արարատի մարզպետն ինքը դատարանի միջոցով պետք է ապացուցի, որ իր կարգադրությունն ուժ ունի»,-շեշտեց համայնքների միության նախագահը:

Նա նաև հավելեց, որ Նորաշեն համայնքում արդեն մեկ ու կես տարի է կոնֆլիկտ կա և այդ կոնֆլիկտը պետք էր այլ ձևով լուծվեր, իսկ համայնքապետի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցումը կոնֆլիկտն ավելի է խորացրել:

Էմին Երիցյանը նշեց, որ կոնֆլիկտը համայնքի ղեկավարի և ավագանու անդամների միջև էր, և պետք է բանակցելով լուծումներ գտնեին:

«Նորայր Գրիգորյանն օրենսդրական պահանջները կատարել է, իսկ մարզպետի քայլերն իրավաչափ չեն»,-շեշտեց Է. Երիցյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից