Հայաստան 

Կոնսերվատորիայի վիճակը շատ տխուր է. Աճեմյանը՝ Աշոտյանին

analitik.am

Կրթության և մշակույթի գումարները միշտ անբավարար են, ու որքան շատ լինեն այդ գումարները, այդքան այդ ոլորտում հաջողությունները մեծ կլինեն. 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը և անդրադարձավ Երևանի պետական կոնսերվատորիային՝ նշելով, որ այնտեղ պետք է կառավարման համակարգը փոխել:

«Անընդունելի եմ համարում, որ երկար տարիների պրոֆեսորը կարող է 60 հազար աշխատավարձ ստանալ կամ ավելացումով՝ 80 հազար, շատ քիչ են վճարվում: Ռեկտորն էլ վերջերս ասել էր, որ վիրահատական միջամտության կարիք կա: Կարծում եմ, որ պետք է այնպիսի ռազմավարություն մշակվեր, որ ընթացքում կառավարման մեթոդները նորացվեին: Դասական երաժշտությանն առհասարակ նուրբ պետք է մոտենալ, ու խիրուրգիական միջամտությունը կարող է ավելի վատ հետևանքների բերել»,-ասաց նա:

Նախարար Աշոտյանը նկատեց, թե ցանկացած բժշկական միջամտություն ողջունում է, քանի որ դրանով է զբաղվել նախարարի պաշտոնավարման հինգ ու կես տարիների ընթացքում:

«Այդ միջամտությունը, կլինի ուլտրաձայնային, ճառագայթային, թե հոմեոպատիկ, այս պահին տեխնիկայի հարց է»,-պատասխանեց Աշոտյանը ու շարունակեց, որ Կոնսերվատորիայի մասին պետք է արձանագրեն, որ բոլոր թերություններով հանդերձ՝ այն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգին «շարմ» հաղորդող բուհ է, որի կադրերի որակն իրականում բարձր է:

Աշոտյանը համաձայնեց պատգամավորի հետ, որ կառավարման տեսակետից կամք է անհրաժեշտ, սակայն եթե մի քանի դասախոս կրճատեն, ապա լրատվամիջոցները կրկին կգրեն, որ ջարդ է սկսել և այլն: «Կառավարման խորհրդից ակնկալում եմ, որ իրենք ավելի տոկուն ու խիզախ լինեն իրենց գործողությունների մեջ, և ես իրենց կողքին կանգնած եմ»,-կատակեց նախարարը:

«Շատ հետաքրքիր է, որ Կոնսերվատորիայի թեմայով դուք դեռ կարողանում եք հումոր անել, որովհետև իրականում շատ տխուր է իրավիճակը»,-արձագանքեց պատգամավորը՝ նշելով, որ կտրուկ քայլերը վաղուց պետք է արվեին, քանի որ դասախոսը մեկ դասաժամի համար վարձատրվում է 750 դրամ: Ըստ Աճեմյանի՝ ժամանակն է թացը չորից տարբերել, ապահովել այդ նորմալ վարձատրությունը:

 

Աշոտյանը հակադարձեց, թե հումորի զգացումը միշտ իրեն փրկել է: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ մի շարք բուհերի կադրերի տեղափոխման մասին կարելի է մտածել բոլորով միասին: Օրինակ՝ լուծման եղանակը վարձերի բարձրացումն է, սակայն ինքը համաձայն չէ դրա հետ:

Նույն շարքից