Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը խոսեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի խոսքերի մասին, որ ինքն իրեն զգում է այնպես, ինչպես՝ սահմանին կանգնած զինվորը. «Սա նշանակում է, որ ինքը հա՞յն է, իսկ նախաձեռնության հեղինակները՝ ադրբեջանցինե՞ր: Ես սրան չեմ էլ ուզում անդրադառնալ»:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, եթե այսկերպ Իմ քայլը փորձում է չեզոքացնել Թովմասյանին, Միրզոյանը նշեց, որ իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չունի ու չի ունեցել իր համար, այսպես կոչված, ենթադրյալ անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից. «Մենք միշտ հանդես ենք եկել անաչառ, օբյեկտիվ, արդար դատարան ունենալու օգտին: Եթե մենք հակառակ մտադրություն ունենայինք, անցած ամիսների ընթացքում դա դրսևորված կլիներ: Հրայր Թովմասյանն ուներ շանս գլխավորելու անաչառ, օբյկետիվ, արդար դատական համակարգը, սակայն այս ընթացքում արել է բաներ, որոնք պայմանավորված են եղել մտադրությամբ՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը: Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանն ունի նեղ քաղաքական, կուսակցական (ՀՀԿ) մոտիվացիա իր գործողություններում»: