Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը, ըստ էության, դատապարտեց Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը

analitik.am

Կարծում եմ, որ ձևակերպումը, ինչ խոսք, գեղեցիկ չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Արփինե Հովհաննիսյանի մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին:

Միրզոյանի խոսքերով, եթե մի կողմ դնենք Քոչարյանի հարցը, Հայաստանում վերջին ամիսների ընթացքում տեսանելի են ոչ վայելուչ ձևակերպումներ. «Դրա կարիքը չկա, ավելի բովանդակային պետք է լինել»:

«Ես կոչ եմ անում բոլորին քննադատության, քաղաքական բանավեճի ժամանակ պահպանել կոռեկտության սահմանները և հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Իմ մասնավոր կարծիքով, համոզմամբ, Արփինե Հովհաննիսյանի կողմից որոշ ձևակերպումները հիմք չեն տալիս մեկ այլ մարդուն, կամ թեկուզ հենց այդ հայտարարությունների թիրախին նույն բառապաշարով, նույն ոճով հակադարձելու համար»,-ասաց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, Միրզոյանը նշեց, որ լավ կլինի, եթե Արփինե Հովհաննիսյանը պատասխանի հարցին, թե ինչու էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել բազմաթիվ դեպքերում, երբ տգեղ, անձնական վիրավորանքներով լի ձևակերպումներ են եղել նախկին ԱԺ-ի ժամանակ. «Էթիկայի հանձնաժողովը, կարծում եմ, որ շատ լուրջ դեպքերին է վերաբերում: Եթե այդ գործիքը չարաշահվի, այն կարող է մահակ լինել պատգամավորների՝ կաշկանդելով նրանց քաղաքական դիրքորոշումը հայտնելիս, քաղաքական գործունեության ժամանակ»:

Նույն շարքից