Հայաստան 

Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

analitik.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի´ գործընկերներ,

Այսօր Հայաստանում նշվում է սոցիալական աշխատողի օրը՝ մի տոն, որն առիթ է կարևորելու սոցիալական աշխատողի ինստիտուտն, առանց որի կայացման անհնար է խոսել սոցիալական արդյունավետ պաշտպանության մասին:

Մեր ժողովրդի հազարամյա ավանդույթները ենթադրում են, որ աջակցության կարիք ունեցողը հասարակության ուշադրությունից դուրս չի մնում: Սակայն այսօր, երբ ՀՀ կառավարության քաղաքականության գերակա ուղղություններից մեկը սոցիալական պաշտպանությունն է, հասարակության խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու և իրենց իրավունքներն իրացնելու համար անհրաժեշտ է, որ, ի դեմս սոցիալական աշխատողի, նրանց կողքին կանգնած լինեն մարդկային բարձր որակներով և մասնագիտական կարողություններով օժտված անձինք:

Ներկայումս մեր երկիրը սոցիալական պաշտպանության ոլորտում թևակոխել է ակտիվ բարեփոխումների փուլ, որոնց հաջողությունը կախված է նաև ձեր հոգատարությունից, նեցուկ լինելու և մարդկանց ապրումները կիսելու ձեր կարողությունից:

Միայն նման հատկանիշների առկայությունը, ինչպես նաև մասնագիտական հմտությունների ամենօրյա կատարելագործումը կարող են երաշխիք դառնալ, որ ձեր ամենօրյա ծանր աշխատանքի միջոցով կարողանաք օգնել, բարելավել մեզ շրջապատող հարյուր հազարավոր կարիքավորների կյանքի որակը:

Սիրելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում հաջողություններ կյանքում, ինչպես նաև՝ ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում»:

Նույն շարքից