Հայաստան 

Մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա. Գալուստ Սահակյանը հեղափոխական միտում չի տեսնում

analitik.am

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ ոչ իշխանական ուժերի կողմից սկսված գործընթացը՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը» ժողովրդին այդքան էլ հասկանալի չէ և այստեղ դեռ պարզաբանելու խնդիր կա: 

«Այսինքն՝ նրանք, ովքեր բուրժուական կարգերի մասին են մտածում կամ մեր ժամանակով բուրժուական տրադիցիաներով են ապրում, փորձում են, որպեսզի իշխանությունները բուրժուազիայի ձեռքը ընկնի, իսկ որպեսզի ժողովուրդը հասկանա, թե դա ուր է տանելու... Մենք կարծում ենք՝ նույնիսկ սահմանադրական փոփոխության առկայությամբ՝ մեր երկիրը սոցիալական երկիր է լինելու և այդ ճանապարհով է գնալու»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: 

Գալուստ Սահակյանն ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է՝ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ընդ որում՝ հենց «Հանրապետականի» նախաձեռնությամբ, նկատեց, որ նման ենթադրությունների գնալն անտեղի աշխատանք է: 

«Հայաստանի քաղաքական դաշտն արդեն իսկ իր մշակույթն ունի՝ դա ընդունում ենք, թե չենք ընդունում։ Համենայնդեպս կառավարման այն մոդելը, որը Հայաստանում իրագործվել է անկախությունից սկսած, նման ենթադրությունների գնալը, կարծում եմ, անտեղի աշխատանք է»,-ասաց նա: 

Իսկ թե ըստ նրա ՝ ընդդիմության վերջնանպատակը որն է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ցանկացած կուսակցության նպատակն է գալ իշխանության: Հստակ ծրագիր է պետք, որն ընդունելի կլինի հասարակությանը, եթե լավ ծրագրեր ունի ընդդիմությունը կամ քաղաքական տարբեր ուժեր, նախ և առաջ պետք է աշխատեն հասարակության հետ: Դա է պատճառը, որ մեկնարկը սկսեց նրանից, որ շտաբներ բացեն և փորձեն իրենց տեսակետերը հասարակությանը ներկայացնել: Այսինքն՝ իշխանության գալու երազներն ու իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար»: 

Իսկ թե շտաբներով ավելի չե՞ն լրջացնում գործընթացը և մտահոգվելու տեղիք տալիս, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե իշխանությունը կորցնելը մտահոգությունների խնդիր չի կարող լինել՝ քաղաքագիտական տերմինոլոգիայի մասով: 

«Իշխանությունը կամ փոփոխվում է ընտրությունների միջոցով, կամ՝ հեղափոխական ճանապարհով: Համենյանդեպս այսօրվա քաղաքական դաշտում չկա հեղափոխական միտում»,-ասաց նա: 

Իսկ իշխանության ներկա պահի մտահոգությունն ըստ նրա՝ այն է, որ ժողովուրդը հավաքվում է և խնդիրներ ունի, որ ինչպես պետք է լուծվեն այդ խնդիրները: 

«Շատ դեպքերում եղած հնարավորությունները ու ցանկությունները բնականաբար իրար չեն համընկնում, իհարկե մտահոգություններ կան, բայց քաղաքական դաշտում, բնականաբար, մտահոգություն չունենք, որովհետև մի առիթով ասել եմ, այսօր էլ կրկնում եմ, որ մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա»,-ասաց նա:

Նույն շարքից