Հայաստան 

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ցանկանում են վերանայել Մինսկի արձանագրությունը

analitik.am

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անջատողականները հայտարարել են, որ Կիևի կողմից Դոնբասի հատուկ կարգավիճակի վերացումը վնաս կհասցնի խաղաղ կարգավորմանը և պնդում են Մինսկի արձանագրության վերանայման հարցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Ակնհայտ է,  որ այն պետք է վերանայվի: Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չեն կարող գործել փաստաթղթի հիման վրա, որից Պորոշենկոն (Ուկրաինայի նախագահ-Tert.am) հանել է սկզբունքորեն կարևոր կետերը: Մենք պատրաստ ենք աշխատել արձանագրության նոր տարբերակի վրա»,- ասված է անջատողականների հայտարարության մեջ:

 

Նախօրեին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը երկրի նախագահին խորհուրդ է տվել խորհրդարան օրենքի նախագիծ ներկայացնել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում առանձին շրջանների ինքնակառավարման հատուկ ռեժիմը վերացնելու մասին:

 

Անցած կիրակի օրն անջատողականների հսկողության տակ գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել են ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների ընտրություններ: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն այդ ընտրություններն անօրինական են անվանել:

Նույն շարքից