Հասարակություն 

Երիտասարդը, ում Կադիրովը հորդորել էր հանձնվել, դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

Չեչնիայի բնակիչ Մուսլիմ Ջամբեկովը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ Մոսկվայի Մոժայսկ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի գործով։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է «Комсомолskскаaya правда»-ից։

Կունցևսկու շրջանի դատարանի որոշմամբ՝ Ջամբեկովը զրկվել է նաև վարորդական իրավունքից։ Դատարանը հաշվի է առել այն, որ մեղադրյալը տուժող կողմին վճարել է 1,3 միլիոն ռուբլի փոխհատուցում։

Դատախազը պահանջել է Ջամբեկովին դատապարտել չորս տարվա ազատազրկման, սակայն նշվել է, որ նա ունի երկու երեխա և հղի կին։ Ամբաստանյալը նախատեսում է բողոքարկել որոշումը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Մոսկվայում տեղի է ունեցել վերոնշյալ ողբերգական ավտովթարը։ 29-ամյա Ջամբեկովի ավտոմեքենան բախվել է մեկ այլ մեքենայի, որում եղել է երեք անդամից բաղկացած ընտանիք։ Արդյունքում՝ կինն ու երեխան մահացել են, հայրը հոսպիտալացվել։ Մեղադրյալը փախուստի է դիմել դեպքի վայրից։ Դեպքից երեք օր անց Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տղամարդուն կոչ էր արել հանձնվել, հակառակ դեպքում նա կդառնա վտարանդի իր ժողովրդի կողմից։ Հաջորդ օրը Ջամբեկովը հայտնվել է և խոստացել օգնել տուժած ընտանիքին։

Նույն շարքից