Հայաստան 

Հայաստանը պատրաստ է միջազգային հանրությանը տրամադրել Ինջիղուլյանի նկատմամբ բռնությունների տեսագրությունը

analitik.am

Հայաստանը պատրաստ է կոնֆիդենցիալության պահպանման համաձայնությամբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին տրամադրել ադրբեջանական գերությունից ազատվածշ եւ Հայաստանի վերադարձած Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ բռնությունների տեսանյութը: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում  նշվում է. «Մենք հաստատում ենք վերջերս լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Ավելի ստույգ, առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնությունների հետ, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները:


Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում, անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալության պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին»:

Նույն շարքից