Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին հայտնել է, թե երբ կարող է սկսել մտածել Վրաստանում քաղաքական գործունեություն ծավալելու մասին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ռուսարմինֆոյից։
«Կպատասխանեմ որպես պատասխանատու մարդ: Ռուսաստանում ունեմ հսկայական նախագծեր, որոնք պետք է անեմ։ Շուտով կդառնամ 44 տարեկան, իսկ քաղաքական գործունեության մասին կսկսեմ մտածել 50 տարեկանում։ Սակայն այն դեպքում, երբ հասկանամ, որ այս վեց տարվա ընթացքում ոչ ոք այդպես էլ չի կարողացել փոխել հարաբերությունները։ Այդ ժամանակ պատրաստ կլինեմ շատ բաներ զոհաբերել, այդ թվում՝ անձնական կյանքս, հարմարավետությունը, որովհետև ինձ նման ամբիցիոզ մարդիկ, եթե գալիս են, ցանկանում են հաղթել»,- «Sputnik Грузия»-ի հետ զրույցում ասել է կիսով չափ հայ Թինա Կանդելակին։
Նա նաև ասել է, որ քաղաքականության մեջ նրա լինելը կառաջացնի ոչ պակաս ժպիտներ, քան՝ Վլադիմիր Զելենսկիի, սակայն մենեջերական ուղեղն իրեն սովորեցրել է, որ ցանկացած մեծ պաշտոնի ետևում թաքնված է ևս մեկ մեծ մարտահրավեր՝ պատասխանատվություն և զոհաբերության գնալու պատրաստակամություն, ինչին ինքը դեռ պատրաստ չէ։