Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Ինչու է Պուտինի և Սիի ընկերությունն ավելի ու ավելի նյարդայնացնում ԱՄՆ-ին

analitik.am

Նրանք միասին կերակուր են պատրաստում, նշում են ծննդյան օրերը և միմյանց անվանում լավագույն ընկերներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը շարունակում են ամրապնդել կապերն իրենց երկրների միջև: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է inosmi.ru-ից։

Ոչ այնքան հաճախ կարելի է պետության ղեկավարին տեսնել կերակուր պատրաստելիս: Բայց եթե դա արդեն տեսնում եք, վստահ եղեք, որ ամեն ինչ բեմադրված է: Այնպես որ, երբ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կապույտ գոգնոցներով կերակուր էին պատրաստում ֆոտոխցիկների առջև, պատահական չէր։ Դա տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, երբ նախագահները հանդիպեցին Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ, որտեղ Պուտինը 60 տարբեր երկրների ավելի քան 6000 մասնակիցների հրավիրեց քննարկելու Արևելյան Ռուսաստանի տնտեսական զարգացումը:

Անցած երկու տարիների ընթացքում հայտնվել են Սիի և Պուտինի այդպիսի բազմաթիվ լուսանկարներ։ Նրանք պաղպաղակ են ուտում, շամպայն են խմում, այցելում են պատմամշակութային վայրեր և այնպիսի տեսք ունեն, կարծես միասին շատ լավ է։ Բացի այդ, երկու առաջնորդներն էլ բազմիցս հրապարակայնորեն պարծեցել են իրենց ընկերությունով:

«Սին միակն է աշխարհում բոլոր առաջնորդներից, ում հետ ես պատրաստ եմ նշել իմ ծննդյան տարեդարձը։ Ես երբեք ոչ մեկի հետ այդպիսի հարաբերություններ չեմ ունեցել»,-ասել է Պուտինն անցած տարի չինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ նկատի ունենալով նրա ծննդյան 61 ամյակը, երբ ինքն ու Սին առանձնացել էին օղի խմելու և սառը խորտիկներ համտեսելու համար։

Անցած տարվա ամռանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Սի Ծինփինն իր հերթին Ռուսաստանի նախագահին անվանել էր լավագույն ընկեր և հարազատ գործընկեր, ինչպես նաև նշել էր, որ Ռուսաստան ավելի հաճախ է այցելում, քան՝ մնացած երկրներ։

Այս ընկերությունը խորապես տրամաբանական է։ Պուտինն ու Սին կիսում են շատ ընդհանուր սկզբունքներ և երկուսն էլ ղեկավարում են իրենց երկրներն «ավտորիտար» կերպով։ Չինաստանը և Ռուսաստանը հաճախ են հանդես գալիս որպես միասնական ճակատ միջազգային հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Բայց նախևառաջ նրանք երկուսն էլ ձգտում եմ միասին լինել ԱՄՆ-ի, ինչ-որ չափով նաև ԵՄ-ի դեմ պայքարում։

Չինաստանը տառապում է Դոնալդ Թրամփի և Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմից: Տնտեսական աճը կանգ է առել, և նախագահ Սին ստիպված է որոնել նոր ուղիներ, որպեսզի հասնի իր նպատակներին և երկիրը դարձնի գերտերություն:

Ռուսաստանի վրա մեծապես ազդել են 2014-ին Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից կիրառված պատժամիջոցները, բացի այդ, ըստ արևմտյան աշխարհի, այն բռնել է սխալ կողմ սիրիական հակամարտության մեջ՝ սատարելով «բռնապետ» Ասադին:

Հազիվ թե որևէ մեկը միտումնավոր ձգտում էր դրան, սակայն ստացվեց այնպես, որ Պուտինին և Սիին հրել են իրար գիրկ, և այժմ նրանց հստակ անհրաժեշտ են երկրների միջև տնտեսական նոր կապեր։ Եվ այդ կապերն ընդլայնվում են:

Անցած ամառ երկու առաջնորդները ստորագրեցին մի շարք նոր համաձայնագրեր՝ էներգետիկայի ոլորտից մինչև առևտուր: Նրանք կառուցում են նոր գազատարներ, Ռուսաստանում կառուցվում է չինական ավտոմոբիլային գործարան, որը տարեկան կարտադրի 80 հազար մեքենա, ռուսական ընկերությունները մասնակցում են Չինաստանում նոր ատոմակայանի ստեղծմանը, իսկ ընդհանուր սահմանի մոտ նոր կամուրջներ ու ճանապարհներ են կառուցվում:

Հայտնի է, որ առաջիկա երկու տարիները կանցնեն ռուս-չինական համագործակցության նշանի ներքո, որի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի գիտությանը, տեխնոլոգիաներին և նորարարություններին:

Անցած տարի երկկողմ առևտուրն աճել է 25 տոկոսով և հասել 1000 միլիարդ կրոնի (մոտավորապես 7,500 միլիարդ ռուբլի):

Իբր ԱՄՆ-ին էլ ավելի զայրացնելու համար, Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին, որ առևտուրը կիրականացվի ռուբլիով և յուանով, որը սովորաբար օգտագործվում են միջազգային գործարքներում։

Նույն շարքից