Ինձ համար անընդունելի է ցանկացած հարձակում ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ: Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, առանց ազատ ու անկախ մամուլի իրական ժողովրդավարություն լինել չի կարող: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Վարդանյանի խոսքերով, վերջին շրջանում «Հայելի»-ն երևի թե ամենաշատ ոչ դրական հոդվածները հրապարակել է իր մասին. «Սակայն այդ ամենով հանդերձ ես ասում եմ՝ եթե մենք չունենանք ազատ մամուլ Հայաստանում ժողովրդավարությունը կարող է վտանգվել»:
Միևնույն ժամանակ Վարդանյանն ասել է, որ խոսքի ազատությունն անսահմանափակ ազատություն չէ․ «Առնվազն դեպքեր կան, որոնց պարագայում պետք է սահմանափակվի: Խոսքը օրենքով արգելված հրապարակումների մասին է: Սակայն ես հետևյալ խոսքերի կողմնակիցն եմ «Ես չեմ կիսում լրատվամիջոցի կարծիքը, սակայն պատրաստ եմ կյանքս տալ, որպեսզի լրատվամիջոցն ունենա իրավունք արտահայտելու այդ կարծիքը»: Դա վերաբերում է բոլորի»,-ասել է Վարդանյանը՝ ափսոսանք հայտնելով, որ հրապարակումից հետո ֆեյքային հարձակումները, վիրավորանքները շատ ավելի ուժեղացան, ինչը մտահոգիչ է:
Կարծիքներին, որ տեղի ունեցածը կապ ունի Հրայր Թովմասյանի հետ, Իմ քայլի պատգամավորը պատասխանել է, որ իր համար մանիպուլյացիաներն անընդունելի են: