Ես դատապարտել եմ և հույս հայտնել, որ ոստիկանությունն ու իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ կանեն ու ոնցոր թե անում են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի մասին:
Ինչ վերաբերում է խոսքի ազատության վտանգված լինելուն, Մարուքյանն ասաց, որ չեն կարող նման պնդում անել մի քանի քաղաքացու ինքնագործունեության արդյունքում. «Ես ժամանակին կարծում էի, որ արջի ծառայությունը նախկին իշխանությունների ժամանակ կիրառվող գործընթաց է: Նրանք, ովքեր վարչապետի ու նրա ուժի կողմնակիցն են, և նման բան են անում, լավություն չեն անում այդ ուժին: Նրանք դրանով արջի ծառայություն են մատուցում ու վնասում հենց այդ ուժին»:
«Դատելով արձագանքներից՝ հիմնականում մարդիկ գրում են, որ լավ են արել, մի բան էլ քիչ են արել: Ակնհայտ է, որ քաղաքացիներին pետք է բացատրել, որ նման գործողությունների պատճառով կարող է տուժել հանրապետությունը: Վաղը մյուս օրը մենք սկսելու ենք Ստրասբուրգում մեր երկիրը պաշտպանել տարբեր զեկույցներից, որոնք կլինեն նման բաների մասին: Դրա համար, եթե նույնիսկ չեն սիրում, պետք է դիմանալ, հանդուրժել տարբեր կարծիքները, ձևակերպումները, որոնց մի մասում լինում են նաև վիրավորանքներ: Սա Հայաստանի խնդիրը չէ միայն: Ամբողջ աշխարհում նման բան կա»։