Քաղաքական 

Անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ․ Սեյրան Օհանյան

Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն: Կարծում եմ, որ ներկայացրած փաստաթղթերով թույլտվություն կտան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ դատարանը թույլ էր տվել Օհանյանի մի քանի օրով բացակայել Հայաստանից պրոթեզի սպասարկման համար:

Խոսելով հասարակական ու քաղաքական գործիչների ստորագրահավաքի մասին, որով պահանջվում է փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը կմիանա այդ ակցիային՝ Օհանյանն ասաց, որ իր կարծիքը միշտ էլ ասել է. «Ինձ համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ: Կարելի է դատական գործընթացն իրականացնել՝ թույլ տալով, որ նա մնա ազատության մեջ: Առավել ևս, որ երկրորդ նախագահն արդեն ցույց է տվել՝ հանգիստ, համարձակ եկել ներկայացել է, ինչ պահանջներ դրել են, կատարել է»:

Սեյրանյանն ասաց, որ եթե Քոչարյանը լինի ազատության մեջ, չի խոչընդոտի նախաքննությանը․ «Առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է: Մարդիկ, ովքեր ցուցմունք են տվել, իրենց ցուցմունքների տերն են: Չեմ կարծում, թե նա կազդի դրա վրա: Բացի դրանից, Քոչարյանը որևիցե առնչություն չի ունեցել ցուցմունք տվողների հետ: Ես՝ որպես գլխավոր շտաբի պետ ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել: Քոչարյանն ինձ որևիցե ցուցմունք, հրաման չի տվել: Սա վերաբերում է նաև մյուսներին»,-ասաց նա:

Նույն շարքից