Հասարակություն 

Նշանակում է՝ բոլոր մեդիաները պետք է պատրաստ լինեն, որ որևէ խումբ կարող է ներխուժել խմբագրությունների տարածքներ, և կարող են կոնկրետ գործողություններ լինել. Սաթիկ Սեյրանյան. «Առավոտ»

«Սա քաղաքական ակտ է և առաջին հերթին ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, քանի որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է, և այս ամենով պետք է դիտարկել խնդիրը. չես կարող մի դրվագով նայել: Սա քաղաքական ակտ է Թովմասյան ընտանիքի և Թովմասյանների դեմ»,- անդրադառնալով «Հայելիի» վրա հարձակմանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, փոխանցում է Aravօt.am-ը:

Նա հիշեցրել է՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտել տեղի ունեցածը՝ նախանշելով այն վտանգները, որոնց առջև կարող են կանգնել բոլոր լրատվամիջոցները: Սաթիկ Սեյրանյանն ասել է. «Թավշյա հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո այդ բառապաշարը ներխուժեց մեդիա դաշտ, սոցցանցեր, և դա կարելի է ասել՝ հենց իշխանության ձեռքով տեղի ունեցավ: Գոնե իշխանություններն այդ ամենը հանդուրժում էին և բոլոր այն կոչերը, որոնք նույնիսկ տեղ գտան մեդիաների ներկայացուցիչների հայտարարություններում, որպեսզի զսպվածության կոչ անեն իրենց հետևողներին, որ զերծ մնան հայհոյախառն տեքստերից, անձը վիրավորող բովանդակությունից, որևէ քայլ դրան չհետևեց: Փորձեցին դասեր տալ ԶԼՄ-ներին՝ ինչպես աշխատել: Այս անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը հասել է վտանգավոր աստիճանի: Այս լեզվամտածողությունը կա և որի դեմ շատ դժվար է պայքարել»:

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ քաղաքական ուժերը և իշխանությունները պետք է կոչով հանդես գան, որ ոչ միայն դատապարտեն նման երևույթները, այլև իրավական կոնկրետ գործողություններ իրականացնեն:

Ըստ նրա՝ ընտրովի արդարադատություն է տեղի ունենում. եթե մի դեպքում դատավորին հարցում կատարողներին կալանավորեցին, «Հայելիի» վրա հարձակվողների դեպքում բավարարվելու են աշխատավարձի 150-ապատիկ տույժ տուգանքով: Այս առիթով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն ասաց. «Սա նշանակում է, որ բոլոր մեդիաները պետք է պատրաստ լինեն, որ որևէ խումբ կարող է ներխուժել խմբագրությունների տարածքներ և ոչ միայն այլևս պատերին ձվեր, լոլիկ նետել, այլ կարող են կոնկրետ գործողություններ լինել: Այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ էր արել, որ իրավապահները ապահովեն «Հայելիի» աշխատակիցների անվտանգությունը»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից