«Սորոսի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի իրականացրած առևանգման փորձը պետք է դիտարկել ոչ միայն իրավական հարթության մեջ: Իրավական առումով դա հանցագործություն է, ինչի առթիվ արդեն կա հարուցված քրեական գործ, որը դատաքննության փուլում է: Այստեղ արդեն անելիք ունեն դատարանը, մեղադրող և պաշտպանող կողմերը:
Վտանգավոր եմ համարում այս արարքի բարոյական և մարդկային կողմը.
Նույնիսկ թշնամուց վրեժ լուծելիս դեռևս հին ժամանակներից համարվում է պատվից ցածր և ստոր արարք, երբ խմբով հարձակվում են մի հոգու վրա: Այս արարքը փաստում է, որ մենք արժեհամակարգի լուրջ խնդիր ունենք թեկուզ մի քանի երիտասարդների շրջանում: Նշանակում է՝ Սորոսի ցանցը լավ է աշխատել:
Հաջորդ կարևոր պահը՝ աա անհանդուրժողականության, մերժողականության ակնհայտ քարոզ է, ինչի միջոցով փորձ է արվում թշնամանք և ատելություն մտցնել հասարակության տարբեր խմբերի միջև:
Նման արարքները հասարակության կողմից խիստ դատապարտման չարժանանալու դեպքում կարող են դառնալ սովորական, ինչի արդյունքում էլ տարբեր կարծիքներ ունեցող խմբերն ու մարդիկ արդեն բանավիճելու, քննարկելու և այլ քաղաքակիրթ ձևերից անցում կկատարեն խուլիգանական մեթոդների:
Այս արարքը մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նկատմամբ անտարբերությունը բերում է ժողովրդավարական արժեքների թուլացման, ազատ հասարակությունից փակ հասարակության վերածման և ընդհանուր առմամբ հետընթացի:
Նման արարքներին թե իրավական, թե հասարակական համարժեք պատասխան չտալու դեպքում դրանք կրելու են պարբերական բնույթ, ինչն էլ իր հերթին վտանգելու է բոլորիս անվտանգությունը: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ նման ստոր արարքների քաջալերման պարագայում չեն գտնվի մարդիկ, ովքեր կանցնեն անթույլատրելիի սահմանը և թշնամանքի ու ատելության զոհ կդարձնեն երեխաներին, ինչն ամենավտանգավորն է:
Հետևաբար, բոլոր այն մարդիկ, ովքեր գովաբանում են, քաջալերում կամ սատարում են Ռեստարտ խմբի հանցավոր արարքը, փաստացի վտանգում են հենց իրենց և իրենց երեխաների անվտանգությունը»: