Կոնկրետ օրակարգ չկա: Աշխատում ենք ամիսը մեկ հանդիպել վարչապետի հետ, սա հերթական հանդիպումներից մեկն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Այսօր Իմ քայլը խմբակցությունը կրկին նիստ է անցկացնում, որին մասնակցելու է նաև Փաշինյանը:
Մակունցի խոսքերով, կոնկրետ հարցեր չկան, որ պետք է բարձրաձայնվեն, սակայն խմբակցության անդամները ցանկություն կունենան որոշակի հարցերի շուրջ խոսել, առաջարկներ կլինեն, որոնք կմտնեն օրակարգ. «Նախապես չենք պլանավորել»:
Մակունցը չի կարծում, թե ՍԴ-ի մասով քննարկում կլինի. «Ինչ պետք է, արվել է, այս պահին ամեն ինչ ՍԴ-ի տիրույթում է»:
Հարցին՝ արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանի ու «Հայելի» ակումբի հարցը քննարկվելու է, Մակունցն ասաց, որ Քոչարյանի մասով բավականին թվով առանձին պատգամավորներ խոսել են. «Մենք նշել ենք, որ անձնական դաշտին անդրադառնալն ընդունելի չէ: Անկախ ամեն ինչից, մենք դա ընդունելի չենք համարել, չնայած այն բանին, որ Քոչարյանը վստահեցրել է, թե իր հայտարարությունը ճիշտ չի ընկալվել ու ինքը տեղեկություններ չի ունեցել Արփինե Հովհաննիսյանի հոր հետ կապված: Ինչ վերաբերում է «Հայելի» ակումբին, ապա ես չգիտեմ, թե ինչ թեմաների շուրջ կխոսենք: Սակայն ես կարող եմ ասել, որ ընդունելի չէ ազատ խոսքի նկատմամբ որևէ ոտնձգություն, բռնության փորձ: Ես ուրախ եմ, որ իրավապահները զբաղվում են հարցով ու գործ է հարուցվել»: