Վերլուծական Քաղաքականություն 

Չկան թշնամիներ ու բարեկամներ, այլ կան ընդհանուր ժամանակավոր շահեր. Քաղաքագետ

analitik.am

Ամեն ինչ նորմալ է.

Սիրիայից զորքեր հանելու որոշումը Թրամպը հիմնավորել է, ասելով, որ քրդերին սատարելը շատ թանկ է նստում իրենց վրա: Հետո ավելացրել է, որ քրդերը «մեզ» հետ միասին կռվել են, բայց «մենք» նրանց վրա շատ փող ենք ծախսում և թանկարժեք տեխնիկա ենք մատակարարում։

20-րդ դարի ամենատաղանդավոր և աշխարհակարգի ճարտարապետության վրա ամենած ազդեցությունը ունեցած պետական գործիչներից է Հենրի Քիսինջերը։ Նրա խոսքերն են․ «Մեծ տերություններն իրենց չեն զոհաբերում հանուն դաշնակիցների»։

Նա դա գործով էլ է ապացուցել, երբ, ժամանակին պետք էր քրդերին օգտագործել Իրաքի դեմ, ամերիկացիները նրանց զինում էին, իսկ երբ պետք էր պայմանավորվել Սադամ Հուսեյնի հետ ընդդեմ Իրանի, քրդերին զոհաբերեցին։ Այն ժամանակ Քիսինջերին, ով Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական էր, հանդիմանում էին, որ ամերիկացիները զոհաբերում են իրենց դաշնակիցներին՝ քրդերին, ասել էր, որ Ամերիկան բարեգործական կազմակերպություն չի։ Արդյունքում Սադամը գեներալ "քիմիական Ալիի" միջոցով մի քանի գյուղ թունավոր գազերով ոչնչացրել է։

Ավելին, երբ Իսրայելի նախագահ Գոլդա Մեիրը նրան խնդրում է ազդել Սովետական Միության վրա, հրեաներին Իսրայել վերաբնակեցնելու համար, Քիսինջերը, լինելով հրեա, պատասխանել է, որ․ "«այդ հարցը Ամերիկայի առաջնային խնդիրների մեջ չի մտնում ու եթե անգամ Սովետական Միությունը հրեաներին գազային խցեր ուղարկի, դա նույնպես Ամերիկայի գործի չի լինի, թերևս հումանիտար խնդիր դառնա»։

Քիսինջերը տաղանդավոր դիվանագետ ու քաղաքական ստրատեգ է եղել, որի խորքային գիտելիքներով, դիվանագիտական հնարքներով ու քաղաքական կոմբինացիաներով կարելի է հիանալ ու շնորհակալ լինել անկեղծության համար ․․․, ու անել հետևություններ։ Դա է միջազգային քաղաքականության այբուբենը, յուրաքանչյուրն իր շահերն ունի ու զարմանալի է, որ ցեղասպանության անցած ժողովուրդն այդ պարզ բաները չի հասկանում և միջազգային հարաբերություններում հույսն այս, կամ այն երկրի հետ է կապում։

Չկան թշնամիներ ու բարեկամներ, այլ կան ընդհանուր ժամանակավոր շահեր, իսկ հումանիզմը Մեծ Խաղերում որևէ նշանակություն չունի։ Փոքր ժողովուրդները հատկապես պատժվում են, երբ թույլ են տալիս իրենց օգտագործվել այս, կամ այն երկրի դեմ։

Ձեր միջազգային հումանիզմն ու արժեքները մտցրեք հայտնի վայրը ու քննարկեք կոնկրետ շահերն ու կոնկրետ իրավիճակները։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից