Հայաստան 

Մենք իրավիճակը կարող ենք շտկել. Ղուլյան

analitik.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) կողմից «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացում» վերանագրով ընդունած հայտարարությունը որոշ առումով մտահոգում է նաև Ղարաբաղի իշխանություններին:


Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԼՂՀ իշխանությունները մտահոգված չեն, որ վերջերս միջազգային կառույցներում նման ձևակերպումները դարձել են ընդունելի: Աշոտ Ղուլյանն ասաց, թե ԵԽԽՎ-ի կողմից ընդունած զեկույցի շուրջ լրագրողների հետ հանդիպումից առաջ զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, ապա նշեց. «Այս առնչությամբ ես իմ գործընկերների վերաբերմունքն եմ ուզում փոխանցել ձեզ, մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերների աշխատանքը միջազգային խորհրդարանական հարթակներում:



Եվ այն, ինչ տեղի է ունենում վերջին ամիսներին, իհարկե, որոշակի առումով մեզ էլ է մտահոգում, բայց չեմ կարծում, որ դա մշտական քաղաքական դիրքորոշում է: Ադրբեջանը տարիներ, ամիսներ շարունակ փորձում է միջազգային կառույցներում՝ իրավիճակը խեղաթյուրելով, Ղարաբաղի հիմնախնդիրը նենգափոխելով ստանալ այնպիսի որոշումներ ու բանաձևեր, որոնք հաճելի են իրեն: Բայց համարում եմ, որ ժամանակային հարց է, օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների բերումով որոշակի առավելություն է տրվել Ադրբեջանին, բայց մենք քննարկել ենք այս իրավիճակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների աշխատանքների ուղղվածությունը, թե ինչ կարող ենք մենք ինքներս անել, որպես ԼՂՀ ԱԺ: Եվ եկել ենք այն եզրահանգման, որ իրավիճակը մտահոգիչ է, բայց այնպես չէ, որ ամեն ինչ կարծես ավարտվել է դրանով: Այդ տրամաբանությամբ, հիմա պետք է մտածեինք, որ Ադրբեջանի համար դա ողբերգություն էր, եթե մինչև հիմա նման ձևակերպումներ չկային միջազգային կառույցներում: Այնպես որ պետք է աշխատել, գուցե ավելի համառ՝ գուցե մարտավարական հարցերում մեր դիրքորոշումը փոխելով, բայց մենք անպայման փոխելու ենք իրավիճակը»: ԼՂՀ խորհրդարանի ղեկավարն ասաց, որ զուտ մարտավարական խնդիրներ կան կոնկրետ ժամանակահատվածի հետ, երբ Ադրբեջանը գերակտիվ աշխատանքներ է տանում միջազգային կառույցներում: Նա նշեց, որ վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից լուրջ հետախուզական աշխատանքներ են տարվել, ուստի պատահական չէ, որ իրավիճակի սրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանը որոշակի նյութեր արդեն ունեցել է, որոնց զուգահեռ էլ միջազգային կառույցները ընդունել են նման վերնագրերով զեկույցներ: «Սա երկարատև, նախապատրաստական աշխատանքի արդյունք է, բայց ես համարում եմ, որ մենք բոլոր ռեսուրսներն ունենք, որ կարողանանք իրավիճակը շտկել այն ուղղությամբ, որը մեզ է պետք: Ես չէի ցանկանա ամեն ինչ վերագրել խավիարային դիվանագիտությանը, նավթադոլարներին: Ամեն ինչից էլ կա, կա համառ, հետևողական աշխատանք, կա խավիրային դիվանագիտություն, որը այո՛, եվրոպական հարթականերում կարծես ընդունելի է դարձել, բայց կա նաև որոշակի աշխատանքի տեղ, որը մենք պետք է անցկացնենք»,- ասաց Ղուլյանը: 

Նույն շարքից