Քաղաքականություն 

«Ջոկոնդայի դեմքով» Թագուհի Ղազարյանը, «գրգռված Զոհրաբյանը». ԱԺ հանձնաժողովի նիստը լարված է անցնում

analitik.am

Խորհրդարանում ընթանում է Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի oրակարգում 2 հարց է. Հանձնաժողովի կողմից Կանանց հարցերով խորհրդի անդամի առաջադրման 7 ընտրության հարցը: Երկրորդ․ քննարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ հանձնաժողովը բավականին ակտիվ աշխատում է, պարբերաբար քննարկումներ է հրավիրում, առաջիկայում հանձնաժողովում կլինի արդարադատության նախարարը, մի քանի օր հետո կլինեն սևազգեստ մայրերը. «Դրանից բացի, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամն ազատ է որևէ հարց առաջ քաշելու համար: Մասնավորապես իմ գրաֆիկը շատ հագեցած է՝ Արմավիր ՔԿՀ-ից գնում եմ հոգեբուժարան, այնտեղից Գյումրի և այլն: Հանձնաժողովի անդամներն ազատ են հարցը քննարկման դնելու համար: Ես պատրաստ եմ, բերեք օրակարգ, քննարկենք: Սակայն, տիկին Մարիա Կարապետյան և տիկին Թագուհի Ղազարյան, դուք օրակարգ չեք բերել: Նախաձեռնությունները միայն եղել են իմ կողմից, ինչը պետք է ասեմ առանց ավելորդ համեստության»:

Զոհրաբյանի խոսքերով, պետք չէ սպասել հանձնաժողովին հարց մակագրելուն, պետք է նախաձեռնողականություն ցուցաբերել ոչ թե բողոքել հանձնաժողովի աշխատանքներից. «Եկեք իրա հասցեի մեղադրանքներ չհնչեցնենք: Ես կողմ եմ, որ հանձնաժողովն ակտիվ աշխատի, կողմ կլինեի, որ դուք այս մեկ տարվա մեջ որևէ օրակարգ առաջարկեիք, սակայն նման բան դուք չեք արել: Քանի անգամ ես առաջարկել եմ քննարկում կազմակերպել բռնության ենթարկված կանանց վերաբերյալ: Մինչ այս պահ դուք որևէ օրակարգ, թուղթ չեք բերել: Ես շատ հոգեբուժարաններում եմ լինում, եթե այդ մասին ֆեյսբուքում չեմ ճպացնում ու չեմ ասում, դա չի նշանակում, որ չեմ անում: Եկեք մեղադրանքներ չհնչեցնենք ու չվիրավորենք իրար: Ես համբերատար մարդ եմ, բայց երբ անցնում են սահմանը, ես թույլ չեմ տա: Տիկին Ղազարյան, Դուք որևէ անգամ օրակարգ չեք ներկայացրել։ Եկել եք նստել եք Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկելու գնացել եք»:

Թագուհի Ղազարյանը հորդորեց Զոհրաբյանին հետո նայել տեսանյութը, թե ինչպես է ինքը հիմա խոսում. «Ես հորդորում եմ նաև նայել նախորդ նիստերը: Ձեր ու իմ բոլոր ասածները միշտ արձանագարվել են: Պետք չէ մունաթ գալ իմ վրա»:

Զոհրաբյանը նշեց, որ ինքը սխալ բան չի ասում, եթե հանձնաժողովի որևէ անդամ որևէ օրակարգ ունի, կարող է առաջարկել, ոչ թե բողոքել հանձնաժողովի աշխատանքից:

Իմքայլական Մարիա Կարապետյանն իր հերթին նշեց, որ Զոհրաբյանի վրդովմունքն անտեղի է. «Որտե՞ղ մեղադրանք տեսաք»:

«Դուք ասում եք, որ հանձնաժողովը չի կատարում իր գործառույթները»,-պատասխանեց Զոհրաբյանը:

«Դա Ձեր ձևակերպումն է, ես ասում եմ, որ պետք է առավել ակտիվ աշխատել: Աշխատանքային խմբեր պետք է ձևավորենք: Տիկին Զոհրաբյան, Դու գրգռված եք, ինչ-որ վրդովմունք կա: Օրակարգ ենք բերել, եկեք քննարկենք»,-ասաց Կարապետյանը:

«Աբսալյուտնո վրդովմունք չկա, եկեք խոսենք օրակարգի մասին»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Նույն շարքից