Հայաստան 

Արցախի գյուղական որոշ շրջանների դպրոցները կմիավորվեն ՊՈԱԿ-ներում

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն` մի շարք նախարարների և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր: Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոքրաքանակ աշակերտներով ունեցող դպրոցները միավորել պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչը թույլ կտա նրանց կառավարումը կազմակերպել կենտրոնացված մեթոդներով: Վարչապետի խոսքով՝ այս գործընթացը կրթօջախների աշխատակիցների կրճատումներ չի ենթադրում, այլ ուղղակի դպրոցների իրավական կարգավիճակն է փոխում՝ դրանք միավորելով ՊՈԱԿ-ների մեջ:

Քննարկվել է նաև գյուղական համայնքներում գործող բոլոր պետական մանկապարտեզները դպրոցներին կից՝ մեկ վարչական կառույցում միավորելու հարցը: Այդ համատեքստում ընդգծվել է, որ նպատակահարմար չէ փոքր մանկապարտեզներում առանձին վարչական հաստիքներ ունենալ:

Որոշման ընդունման պարագայում՝ շրջվարչակազմերից որոշ ֆինանսատնտեսական հարցերի հետ կապված լիազորություններ կտրվեն նոր ստեղծվող ՊՈԱԿ-ներին՝ վարչակազմերի կրթության բաժիններին թողնելով  միայն ուսումնադաստիարակչական գործառույթները:

Խորհրդակցության  քննարկմանը ներկայացված մյուս հարցի՝ աշնանացանի աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ գյուղնախարարի՝ չնայած վերջին օրերի եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ինտենսիվորեն վերսկսվել են աշնանացանի աշխատանքները: Մասնավորապես, հերկված 23 հազար հեկտար հողատարածքից 6500 հեկտարի վրա ցանքս է արվել: Հողօգտագործողների կողմից «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» շուրջ 2,200 տոննա դիզվառելիքի հայտ է ներկայացվել, որը տրամադրվում է 1լ-ին՝ 100 դրամ սուբսիդավորմամբ:

Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ աջակցության շրջանակներում սուբսիդավորված պայմաններով հողամշակներին տրամադրվում է նաև սելեկցիոն եղանակով ստացված առաջին և երկրորդ վերարտադրության ցորենի բարձր կարգի սերմացու՝ համապատասխանաբար 220 և 210 դրամով՝ 270 և 260 դրամի փոխարեն: Ա. Խաչատրյանի հավաստմամբ՝ պարարտանյութերի պահանջվող առաջնային ծավալն արդեն պահեստներում է:

Վարչապետի այն հարցադրմանը, թե արդյոք գյուղտեխնիկայի հետ կապված  խնդիրներ կան հերկի և ցանքսի աշխատանքների ժամանակ, գյուղնախարարը նշել է, որ վերջին տարիներին զգալի քանակի ներկրված գյուղտեխնիկայի շնորհիվ նման խնդիրներ, ընդհանուր առմամբ, այլևս չեն առաջանում: Այդ համատեքստում նա հավելել է, որ այս տարվա ընթացքում արդեն 80 բելառուսական արտադրության տրակտորներ են ներկրվել հանրապետություն, և շուտով գերմանական արտադրության 20 տրակտորներ  ևս կբերվեն, որոնք լիզինգային հիմունքներով կտրվեն հողօգտագործողներին: Ծրագրի շրջանակում կներկրվեն նաև շուրջ 15 կոմբայններ: Վարչապետի խոսքով՝ նշյալ ծրագրի միջոցով գյուղտեխնիկայի սղության խնդիրը կլուծվի հանրապետությունում:

Խորհրդակցության ժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ, քննարկվել են նաև շրջաններում տնային սպասարկման և զբաղվածության մասնագետների ինստիտուտներ ներդնելու հետ կապված մի շարք հարցեր:

Նույն շարքից