Հայաստան 

Եկեք բոլորին ազատենք, ստեղծենք Գործերի նախարարություն և ունենանք աշխարհի «ամենալավ տղա» նախարարը. Ա. Արզումանյան

analitik.am

Նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նորմալ գործընթաց է համարում Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ըստ որի՝ պետք է ստեղծվի Միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորելու է Տարածքային կառավարման նախարարությանը հետ։ Նա, այսուհանդերձ, նշում է, որ պետք է տրամաբանությունը հասկանալ:

«Սեղանին դրված է նախագիծ, ըստ որի՝ ընդամենը երկու նախարարություն միավորվում է իրար, մեկը՝ ավելանում է, պլյուս մեկ, մինուս մեկ… Ընդհանրապես հարկատուների բեռը թեթևացնելն ու Կառավարությունը փոքրացնելը նորմալ գործընթաց է: Պարզապես տրամաբանությունը պետք է հասկանալ: Օրինակ ինչի՞ է մեզ պետք Սփյուռքի նախարարությունը, եթե կա Արտաքին գործերի նախարարություն, որը լիարժեք կարող է զբաղվել այդ հարցերով»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Անդրադառնալով Միջազգային ինտեգրացիայի նախարարությանը, ապա նա նշեց, թե իր կարծիքով՝ Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությունը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համար: Նա հույս հայտնեց, որ այդ նախարարության «քողարկված» անվան տակ ՀՀ իշխանությունները տեղ կթողնեն նաև Եվրամիության հետ համագործակցության համար:

 

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հայտարարությանը, որ նպատակ կա վերակազմավորելու Ներքին գործերի նախարարությունը, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, թե կարող է պատասխանել հարցին նախագիծը տեսնելուց հետո:

«Հիմա պետք է նայենք, ասենք՝ ոստիկանությունը դառնո՞ւմ է մունիցիպալ, լիազորությունների ի՞նչ շրջանակ է տրվում ոստիկանությանը և այլն: Եթե դա պետք է մոնստր նախարարություն դարձնի ոստիկանությունը… Եթե հակված ես ունենալ վատ կառավարում, դու կունենաս այդ վատ կառավարումը, անկախ՝ դրա ձևից: Հիմա մենք ունենք հրաշալի Սահմանադրություն, բայց չունենք ժողովրդավարություն, ապագայում կունենանք ևս մեկ ավելի լավ Սահմանադրություն, բայց էլի չենք ունենա ժողովրդավարություն, քանի դեռ կեղծվում են ընտրությունները, քանի դեռ երկրում կան քաղբանտարկյալներ»,- նշեց նա:

 

Իսկ թե հնարավո՞ր է՝ կադրային սով կա և ըստ այդմ էլ՝ նման կերպ են խնդրին լուծում տալիս, Արզումանյանը հակադարձեց. «Եթե սով է, եկեք բոլորին ազատենք, թող լինի մեկ նախարար. կլինի՝ աշխարհի «ամենալավ տղա» նախարար ու կզբաղվի բոլոր գործերով: Էլ ի՞նչ ենք անում Ներքին գործերի նախարարություն, թող լինի՝ Գործերի նախարարություն, որը կզբաղվի բոլոր գործերով՝ ներքին, արտաքին: Սովը այդպես կարելի է հաղթահարել»:

Իսկ թե կոնկրետ ինքը տեսնո՞ւմ է այդ «լավ տղա» նախարարին, Արզումանյանը պատասխանեց. «Լավ տղերքին հարցրեք… Եթե տեսնեի, մաս կկազմեի»։

Նույն շարքից