Հայաստան 

ՀՀ իշխանությունները 6 օգտատիրոջ տվյալներ են պահանջել Facebook-ից. հրապարակվել է ընկերության զեկույցը

analitik.am

Facebook ընկերությունը հրապարակել է Կառավարությունների հարցումների զեկույցը (Government Requests Report) 2014-ի առաջին կիսամյակի համար:

 

Դրանում ի մի են բերված երկրները, որոնց իշխանություններն իրենց քաղաքացիների մասին հարցումներ են հղել Facebook-ին:

 

Օգտատերերի մասին հետաքրքրվողների առաջատարների թվում են ԱՄՆ-ն՝ 23.667, Հնդկաստանը՝ 5.958, Գերմանիան՝ 3.078, Իտալիան՝ 2.658, Մեծ Բրիտանիան՝ 2.619. Ֆրանսիան՝ 2.599, Բրազիլիան՝ 2.269, Իսպանիան՝ 860, Ավստրալիան՝ 650, Չիլին՝ 435 հարցում:

 

Ռուսաստանից, օրինակ, ոչ մի հարցում գրանցված չէ, սակայն այդ երկրում եղել է կոնտենտի սահմանափակման մոտ երեսուն դեպք:

 

Ըստ զեկույցի՝ Հայաստանի իշխանություններն այս տարվա առաջին կեսին չորս անգամ դիմել են Facebook-ին՝ պահանջելով ընդհանուր առմամբ 6 օգտատիրոջ անկետաների տվյալներ: Սոցցանցն օրենքով պարտավորված է եղել տվյալներ տրամադրել դիմումների 25%-ի դեպքում:

 

Մեր երկրից կոնտենտի սահմանափակման պահանջներ հայտնի սոցիալական ցանցին չեն եղել՝ ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքիայի:

 

Տարածաշրջանից հրապարակված են տվյալներ նաև Թուրքիայի ու Վրաստանի համար: Այդ երկրները, համապատասխանաբար, տվյալներ են պահանջել 249 և 1 օգտատերերի համար:

 

Զեկույցում նշվում է, որ դրա հրապարակումը նպատակ ունի ցույց տալ FB-ի թափանցիկությունը: Տոկոսային հարաբերությամբ նշվում են նաև այն դեպքերը, երբ սոցցանցի տնօրինությունն օրենքով պարտավոր է եղել ներկայացնել տվյալներ:

Նույն շարքից