Գլխավոր Քաղաքականություն 

Շատ վատ նորություններ կան. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօրվա վիճակով մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1,2 տոկոսով: Իհարկե տարվա արդյունքներով տեմպը հնարավոր է որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել, որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման մասով մենք աննախադեպ ցուցանիշ ենք գրանցել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. Ընկալում և գործարկում» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, վատ նորություններ էլ կան, որոնք վերաբերում են վարքագծային կոմպոնենտին. «Շատ դժվար է փոփոխություններ անել վարքագծի մասով, սակայն պետք է ընդունել, որ այդ մասով ժամանակ է պետք»:

Վարչապետը որպես օրինակ խոսեց Գյումրիի մասին: Նա նշեց, որ Անկախության տոնակատարությունների ժամանակ Գյումրի այցելել է 15 հազար մարդ, ռեստորաններում, սրճարաններում ազատ տեղ չի եղել. «Սրանով պայմանավորված ես որոշեցի պարզել, թե ինչ տնտեսական շարժ է եղել այդ օրը Գյումրիում և ինձ համար անսպասելի իրողություն է պարզվել: Պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները եղել են նույն չափով, որքան՝ նախորդ օրերին: Առևտրի ծավալը մեծացել է 10 միլիոն դրամով, իսկ ՀԴՄ-ների թիվը նույնն է մնացել»:

Փաշինյանի խոսքերով, վերոնշյալն իրականում շատ վատ նորություն է. «Իհարկե, այդ օրը Գյումրիում իմացել են, որ հարկայինը որևէ բան չի անելու, ոչ ռեյդ է լինելու, ոչ որևէ այլ բան: Կառավարությունն իր գործողություններում այդպիսի մասշտաբային գործողություն իրականացրեց, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն է: Բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՝ ոչ: Գործընկերության տրամաբանությունը կարևոր է, տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել: Այն պետք է լինի երկխոսություն: Բայց ուզում եմ ասել, որ դրա հետ կապված լավ նորություն էլ ունենք: 2019 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով, նախորդ տարվա տվյալների հետ կապված 75 միլիոնով ավել ՀԴՄ է տպվել: 10 ամիսների տվյալներով թիվը հասել է 85 միլիոնի»:

Նույն շարքից