Հասարակություն 

ԱԱԾ-ն պատրաստ է ՔԿ-ի հետ ամենասերտ համագործակցության. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

analitik.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցեց ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ Է. Մարտիրոսյանն իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին, որում, մասնավորապես նշված է, որ անցած հինգ տարիները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար եղել են հիմնադրման և կայացման դժվարին, բայց վերելքի տարիներ:

«Գաղտնիք չէ, որ ՀՀ քննչական կոմիտեն աշխատում է բացառիկ ծանրաբեռնվածության պայմաններում, միևնույն ժամանակ բարելավում է իր աշխատանքը Հայաստանում տեղի ունեցող դրական ու արմատական փոփոխություններին համընթաց: Թույլ տվեք հավաստիացնել, որ այսուհետ ևս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է ՀՀ քննչական կոմիտեի հետ ամենասերտ համագործակցության՝ ի շահ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման»,- նշված է Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձում:

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Էդուարդ Մարտիրոսյանի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ու նրա տեղակալ Արսեն Այվազյանը պարգևատրվել են «Մարտական համագործակցության համար» մեդալներով,  10 ծառայող՝ պատվոգրերով և մեկ «Անվտանգության մարմինների 100-ամյակ»-ի հոբելյանական մեդալով:

Նույն շարքից