Հասարակություն 

Վարչապետը զավեշտալի դեպք պատմեց իր ուսանողական կյանքից և կրկին խոսեց հոգևորականների մասին

analitik.am

Մենք ունենք դեպքեր, երբ թաքնվում են կոչումի հետևում և ստանում անձեռնմխելիություն: Օրինակ ազատամարտիկ շատ բարձր է հնչում, որևէ մեկը չի կարող կասկածել: Սակայն մենք ունենք երևույթներ, երբ ազատամարտիկ կոչման հետևում հասկանում են, որ ունեն թալանելու, նվաստացնելու, օրենքից վեր լինելու իրավունք: Նույն էլ հոգևորականի կոչման հետևում: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, նույնը վերաբերում է նաև ուսուցչի կոչմանը. «Մենք ունենք վիճակագրական ու բովանդակային իրողություններ: Վիճակագրական իրողությունն այն է, որ այսօր հանրակրթության ոլորտում ավելի քան 10 հազար մարդ է աշխատում: Ունենք իրողություն, երբ ուսուցիչ կոչման հետևում թաքնվում են ոչ բավարար մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդիկ: Նույնը՝ դասախոս կոչման ներքո»:

«Ես հիշում եմ, երբ սովորում էի ԵՊՀ-ում, դասախոսը մտավ լսարան և ասաց, թե նախ Նախիջևանն է գալիս, հետո՝ Իջևանը: Աշխարհագրության մասով նրա գիտելիքներն այդքանն էին: Նա պատկերացնում էր այդպես: Նա գիտական կոչում ունեցող դասախոս էր։

Կոչո՞ւմն է սրբության սրբոցը: Հարցն այն է, թե որքանով է կոչում ունեցող մարդը համապատասխանում դրան: Ես այդպես վերաբերվում եմ նաև վարչապետի կոչմանը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ անդրադառնալու են դոկտորոկան դիսերտացիաներին և այդպես շարունակ՝ չբացառելով, որ այդ գործողությունների ժամանակ կլինի ընդդիմություն, ցույցեր:

Նա հիշեցրեց նաև անցած տարի հայտնի իրադարձությունների ժամանակ աշակերտների մասնակցության մասին՝ վստահեցնելով, որ այդպես նրանք իրենց բողոքն են հայտնել կրթական համակարգի վերաբերյալ, իսկ իրենք որևէ բան չեն արել աշակերտներին ներգրավվելու համար:

Վարչապետի պնդմամբ, ուսուցիչները, ազատամարտիկները, հոգևորականները չպետք է անձեռնմխելի լինեն այդ կոչումների համար. «Այդպես որ լինի նախարարն էլ կասի «ես նախարար եմ, բա 6 հարկանի տուն չունենա՞մ»»:

Նույն շարքից