Հասարակություն 

Արդի աշխարհում վտանգվում են ընտանիքի և նրա առաքելության մասին ընկալումները. Գարեգին Երկրորդ

Հոկտեմբերի 9-ին Ընտանիքի տարվա շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքն է սկսել «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Համաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական այրեր, գիտնականներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Իռլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից և Ֆինլանդիայից:

Համաժողովը սկսվել է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունել է Մայր Աթոռի դիվանապետ, համաժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Ակնհայտ է, որ ընտանիքը առանցքային նշանակություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Զորացնել քրիստոնեական ընտանիքները նշանակում է ամրացնել Եկեղեցու հիմքերը և կենսագործել հզոր հայրենիքի ու բարոյապես առողջ ու կենսունակ հասարակություն կերտելու տեսիլքը», - ընդգծել է Արշակ եպիսկոպոսը:

Այնուհետև համաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամն է փոխանցել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,

Մեծահարգ տիարք և տիկնայք,

Սիրելի ներկաներ,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Ուրախ ենք այս ժողովին ձեր մասնակցության համար: Այսօրինակ համաժողովները, հավատում ենք, կարևոր նպաստ են բերելու ընտանիքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման և հոգևոր ու բարոյական արժեհամակարգի անաղարտ պահպանության ու ամրապնդման գործում: Մեր գնահատանքն ենք բերում Ռուս Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչներին, ովքեր ընտանիքների հետ հովվական աշխատանքի իրենց փորձառությունը պիտի կիսեն մեզ հետ:

Արդի աշխարհում վտանգվում են ընտանիքի և նրա առաքելության մասին ընկալումները: Տարածում են գտնում ընտանիքի նվիրական գաղափարը աղճատող եզրույթներ և հասկացություններ, որոնք ներկայացվում են իբրև ժամանակակից կյանքի թելադրանքներ: Մտայնության ու բարքերի այսօրինակ այլափոխումը հաճախ քողարկվում է անհատի ազատության և իրավունքների լույսի ներքո՝ խեղաթյուրելով ընտանեկան կյանքի իրական արժեքն ու բացառիկությունը:

Եկեղեցու տեսակետները ընտանիքի վերաբերյալ հիմնված են ոչ թե մարդկային փոփոխվող կենսակերպի և մտայնությունների, այլ Աստծո կենարար խոսքի ու հայտնության վրա: Ընտանիքի մասին քրիստոնեական վարդապետությունը ձևավորվել է աստվածադիր օրենքի համաձայն՝ հաստատելով ամուսնության սրբությունն ու արժեքը (Եբր. ԺԳ 4): Սուրբ Գիրքը հստակ ընդգծում է ամուսնության և ընտանիքի նվիրականությունն ու նպատակները: Աստված ստեղծեց մեր նախածնողներ Ադամին և Եվային այր ու կին (Ծննդ. Ա 28): Տղամարդու և կնոջ միության սրբագործությամբ Տերն ընտանիքը դարձրեց նվիրական օջախ, որի հարկից ներս արարչագործությունն է շարունակվում: Եկեղեցին Սուրբ Պսակի խորհրդով օրհնում է ընտանիքի կազմությունը: Պսակադրության արարողությամբ հռչակվում է ընտանիքի անբաժանելի և անքակտելի միությունը, որը նվիրագործվում է աստվածային ներգործությամբ ու շնորհներով:

Ընտանիքի սրբության վերաբերյալ Եկեղեցու պատգամը մենք կարիքն ունենք հասցնելու յուրաքանչյուր անհատի սրտին և մտքին: Ընտանիքը Աստծո օրհնություն է և հիմքն ու մանրակերտը հասարակության, մարդկային ազնիվ ու վեհ հարաբերությունների: Ընտանիքը յուրօրինակ եկեղեցի է, որի հարկից ներս ծնողների սպասավորությամբ սկիզբ է առնում աստվածճանաչողության, տերունական պատգամների, օրինապահության, սիրո, նվիրվածության ճանապարհը: Ընտանեկան հոգածու միջավայրում է հասակ առնում երեխան, և նրա մտքում ու հոգում ձևավորվում է հասարակության անդամը լինելու գիտակցությունը: Ընտանիքի աստվածահաստատ պատկերի խաթարմամբ խախտվում է երեխայի իրավունքը՝ մեծանալու իր հոր և մոր սիրո ու դաստիարակության ներքո, նմանությամբ ավետարանական օրհնյալ ու նվիրական Սուրբ Ընտանիքի:

Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաև ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որը զգալի թիվ է կազմում աշխարհում, ներառյալ մեր երկրում՝ Հայաստանում: Անհանգստացնող այս իրողության պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, բարոյական, նաև տեխնոլոգիաներից կախվածությունը, որը վնասում է ընտանիքում միջանձնական հարաբերություններին: Այս մարտահրավերների համատեքստում Մենք կարևորում ենք համագործակցությունը պետության հետ՝ ի նպաստ ընտանիքների պահպանման ու ամրապնդման և առկա սպառնալիքների կանխարգելման: Հիրավի, ամուր և քրիստոնեական արժեհամակարգ կրող ընտանիքը նշանակում է երկրի, պետության երաշխավորված ապագա:

Ընտանիքի առջև ծառացած հիմնախնդիրները վեր հանելու, անդրադարձ  կատարելու և հաղթահարելու տեսլականով Մենք 2019 թվականը հռչակեցինք Ընտանիքի տարի, որպեսզի այդ առումով իրագործվեն առավել նպատակային քայլեր ու նախաձեռնություններ: Մեր Սուրբ Եկեղեցու հովիվները համայնքներում գնահատելի սպասավորություն են մատուցում ընտանիքների ամրության ու զորացման ուղղությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Մայր Աթոռի Միաբանական ժողովի մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր շրջաններում ապրող կարիքավոր ընտանիքներին՝ բերելով իրենց օրհնությունն ու Եկեղեցու նյութական աջակցությունը: Մենք նույնպես Մեր հանդիպումներում, Մեր քարոզներում ու խոսքերում անդրադառնում ենք ընտանեկան խնդիրներին: Առաջիկա ամիսներին ծրագրում ենք նոր հանդիպումներ, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների հետ: Այս ծրագրերը շարունակական են, որոնց ընթացքը պիտի նշանավորվի ամավերջին ընտանիքների օրհնության հատուկ արարողությամբ:

Մեր մաղթանքն է, որ միջազգային այս համաժողովը՝ գումարված «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով, իր նպաստը բերի հասարակության մեջ ընտանիքի նվիրագործված ընկալման զորացմանը: Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին և բանախոսներին՝ աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, Սուրբ Հոգու շնորհներով առաջնորդի մեզ և արդյունավորի ընտանիքների ամրապնդմանն ու անխաթար պահպանմանն ուղղված ջանքերը:

Բարի ընթացք համաժողովի աշխատանքներին: Թող մեր Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն ողջ աշխարհի և մարդկության հետ այսօր և միշտ. ամեն», - ասել է Վեհափառ Հայրապետը:

Համաժողովին «Քրիստոնեական ընտանիք և ժամանակակից մարտահրավերներ» և «Եկեղեցու և պետության դերը քրիստոնեական ընտանիքի պահպանության և զորացման մեջ» թեմատիկ բաժանմամբ նիստերին բանախոսություններով հանդես կգան Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը («Ամուսնություն. միություն, թե՞ համակեցություն»), Վլադիկովկասի և Ալանիայի արքեպիսկոպոս, Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ Լեոնիդ արքեպիսկոպոս Գորբաչովը («Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի առիթով»), Իռլանդիայի Լիմերիկի եպիսկոպոս, Գրիգորյան համալսարանի դասախոս, ա.գ.դ. Բրենդան եպիսկոպոս Լեհին (««Դուբլին 2018 ընտանիքների համաշխարհային ժողով». Ընտանիքներին տրամադրված աջակցությունը արժեքների և ավանդույթների փոփոխվող աշխարհում»), Ավստրիայի Գրացի համալսարանի դասախոս, պ.գ.դ. Մարտին Կուգլերը («Ամուսնությունն ու ընտանիքը Եվրոպայում և Հայաստանում. Մարտահրավերներ քրիստոնյաների համար այսօրվա հանրային քննարկումներում»), Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի դասախոս, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ս.գ.դ., պրոֆեսոր Ժան Տոշչենկոն («Ժամանակակից ընտանիքի պարադոքսները. Հույսեր և իրականություն»), ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինսիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը («Հայկական ընտանիքը դարաշրջանների շրջադարձին»):

Ընդմիջումից հետո համաժողովը շարունակել է իր աշխատանքը: Զեկույցներ են ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, ի.գ.թ. Արա Զոհրաբյանը («Ընտանիքը որպես սահմանադրական ինստիտուտ և ազգային արժեք»), Գևորգյան Հոգևոր Ճեմարանի դասախոս Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը («Ընտանիքը քրիստոնեական ընկալման և արդի գաղափարախոսությունների ու մարտահրավերների առջև»), «Ծնողական համառուսական դիմադրություն» ընտանիքի պաշտպանության համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Մամիկոնյանը (««Գլոբալիզմի» մարտահրավերը ընտանիքի և քրիստոնեական մշակույթի ինստիտուտի առջև: Պատասխան կլինի՞»), «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար, պ.գ.թ. Կարինե Եսայանը («Իրավական և քարոզչական ոլորտներում քրիստոնեական ընտանիքին և ազգային-հոգևոր արժեհամակարգին նետված արդի մարտահրավերները»), Ֆինլանդիայի Հելսինկիի համալսարանի դասախոս, ք.գ.դ Յոհան Բեկմանը («Ընտանիքը որպես այսօրվա լիբերալ արժեքների քրեական առանձնահատկություն») և իրավախորհրդատու, «Ազատության պաշտպանության» դաշինքի անդամ, ի.գ.դ. Ադինա Պորտարուն («Ամուսնությանն ու ընտանիքին ուղղված ժամանակակից իրավաբանական և քաղաքականության մարտահրավերները»):

Հոկտեմբերի 10-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նույն օրը երեկոյան` ժամը 17:00-ին, Ս. Գայանե վանքում կմասնակցեն Երեկոյան ժամերգության և ընտանիքների օրհնության արարողությանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից