Հայաստան 

ԱԺ լիագումար նիստում մեկնարկել են ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

analitik.am

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված են Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրի, ինչպես նաև կառավարության ընդունած՝ ՀՀ 2014-2025թթ հեռանկարային զարգացման ռազմավարական և 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Այս մասին Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «2015թ. կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ինչպես և նախկինում հիմնականում միտված է լինելու մակրոտնտեսական կայունության ապահովմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ»,- նշեց նախարարը:


Ներկայացնելով ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշները՝ Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ նախագծով ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 4.1 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը 3.3 տոկոս, 12-ամսյա գնաճի թիրախը 4 +/- 1.5 տոկոս: «2014թ. սպասվող ծավալների նկատմամբ 2015թ. դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման աճը ծրագրավորվել է 3.7 տոկոս, իսկ արտահանմանը՝ 5.2 տոկոս: Արդյունքում 2015թ. ապրանքների ներմուծումը և արտահանումը համապատասխանաբար կկազմեն 3 միլիարդ 974 միլիոն ԱՄՆ դոլար և 1 միլիարդ 768 միլիոն ԱՄՆ դոլար, ապրանքային հաշվեկշիռը՝ 2 միլիարդ 206 միլիոն ԱՄն դոլար պակասուրդով»,- նշեց Խաչատրյանը:

Նույն շարքից