Հայաստան 

Էդուարդ Շարմազանովի համար ԼՂՀ միակողմանի ճանաչումն անընդունելի է

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաարդարացի լուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Այս մասին Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի  եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սա այն հարցն է, որտեղ իշխանությունների և մնացած քաղաքական ուժերի կարծիքները համընկնում են: Սակայն, միակողմանի ճանաչումը խոչընդոտ կհանդիսանա բանակցային գործընթացին: Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեկ անգամ չէ, որ ամենաբարձր ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է»,-նշեց Շարմազանովը:


ԱԺ փոխնախագահը նկատեց, որ այս տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները, խորհրդարանականները տարբեր միջազգային հարթակներում քիչ դրական աշխատանքներ չեն կատարել, որպեսզի իրենց գործընկերները գիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: «Աշխարհում ընթացող գործընթացները՝ շոտլանդական հանրաքվեն և բազում այլ հանրաքվեներ գալիս են ապացուցելու, որ աշխարհում շարունակվում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: Եվ, այս ամենից ելնելով, մենք պետք է գնանք ոչ թե միակողմանի ճանաչման, ինչը մեկուսացման մեջ կդնի Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, այլ պետք է միասնական լինենք՝ Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, սփյուռքահայ գաղթօջախներ: Եվ այդ միասնականության արդյունքում մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը»,- ընդգծեց Շարմազանովը:


Նա ընդգծեց, որ նման կարծիք ունի նաև ԼՂՀ Ազգային ժողովը՝ հիշեցնելով, որ ընդամենը մի քանի օր առաջ ԼՂՀ ԱԺ նախագահը Հայաստանի խորհրդարանում հայտարարել է, որ իրենց համար քննարկվող նախագիծն ընդունելի կլինի միայն այն ժամանակ, երբ դրան կողմ կլինեն բոլոր 131 պատգամավորները: «Մեզ համար էլ է կարևոր, որպեսզի նման նախագծերին կողմ լինեն բոլոր պատգամավորները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերից մեկն է: Եվ մենք պետք է գիտակցենք, որ չպետք է գնանք որևէ շահի իրականցման ճանապարհով: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն, չկա կուսակցական շահ: Այստեղ կա միայն Հայաստանի և Արցախի հայության շահը, որտեղ մենք պետք է լինենք միասնական այդ շահերն առաջ տանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելու համար, այլ ոչ թե գնանք հատվածային հաջողությունների հետևից»,- եզրափակեց Շարմազանովը:

Նույն շարքից