Հայաստան 

Եթե լրագրողների մոտ հանվելու ցանկություն ունեք՝ կարող եք հանվել. Գագիկ Խաչատրյանը

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նսիտին Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին առաջարկեց հանել իրենց կոստյումները, դրանք ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ հանձնել լրագրողներին, որպեսզի վերջիններս դրանք հանձնեն անկախ փորձագետների, որոնք էլ որոշեն, թե դրանցից որը որքան արժի:


Այս առաջարկը ծնվեց այն ամենի արդյունքում, երբ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ երկար տարիներ պետական պաշտոնյա աշխատած Գագիկ Խաչատրյանը, ով իր ընտանիքի անվան դիմաց հայտարարագրել է 6 միլիոն ԱՄՆ դոլար, հարցրեց, թե ի՞նչ զգացողություններ է ունենում վերջինս, երբ հպարտությամբ հայտարարում է, որ միջին աշխատավարձը բարձրացել է մի քանի հարյուր դրամով, բազային կենսաթոշակը՝ 2000 և այսպես շարունակ:

«Ինչպե՞ս պետք է Ձեր այս հայտարարությունը ընկալի կենսաթոշակառուն, երբ էլի ասվում է, որ բյուջեում միջին կենսաթոշակը 36 000 դրամից դառնալու է 41 000 դրամ, իսկ սպառողական զամբյուղն արդեն 51000 դրամ է: Եվ այդ ֆոնին Դուք, լինելով երկար տարիների պետական պաշտոնյա, Ձեր ընտանիքի համար հայտարարագրում եք 6 միլիոն դոլար: … Կամ ի՞նչ զգացողություն պետք է ունենա մանկավարժը, երբ բյուջեի ուղերձում հպարտությամբ նշում եք, որ միջին աշխատավարձը 152 100 դրամից կդառնա 153 3 00 դրամ կդառնա և օրինակ՝ ԱԺ ամբիոնում կանգնած եք, և Ձեր կոստյումն արժե այդ մանկավարժի մոտավորապես 4 տարվա աշխատավարձը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, թե տպավորություն ունի, որ Գագիկ Խաչատրյանը «մեծահոգաբար» բաշխում է այդ հազարական դրամաները՝ թոշակառուներին մանկավարժներին:

Գագիկ Խաչատրյանը առաջարկեց «մոռանալ կոստյումները» բայցև՝ համոզմունք հայտնեց , որ Նիկոլ Փաշինյանի կոստյումն էլ իր «ֆորմատով նշած» որևէ խեղճուկրակ քաղաքացու կոստյումի մի քանի տարվա աշխատավարձը կարժենա, ինչից հետո էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հանել և լրագրողական հետաքննության նյութ դարձնել իրենց կոստյումները:

Գագիկ Խաչատրյանը առաջարկը չընդունեց՝ ասելով. «Լրագրողների մոտ հանվելու ունակություն ես վաղուց … ցանկություն չունեմ, եթե Դուք ունեք՝ կարող եք, կարող եք հանվել»:

Ֆինանսների նախարարը նաև հավելեց, որ մինչև պետական համակարգում աշխատանքի անցնելը այլ աշխատանք է ունեցել և որ գումարները օրինական են բավարար հիմքեր ունեն: Գագիկ Խաչատրյանն անգամ վստահեցրեց, որ բազմաթիվ պետական մարմիններ հետազոտել և ուսումնասիրել են դրանք:

Նույն շարքից