Հասարակություն 

Փաշինյանը, չնայած խոստմանը, դեռ չի հանդիպել զոհվածների մայրերին. Նրանք կրկին կառավարության մոտ են

analitik.am

Սևազգեստ մայրերը կրկին կառավարության մոտ բողոքի ակցիա են անում: Այստեղ է նաև Մարգարիտա Խաչատրյանը: Նա լրագրողներին հայտնեց, որ հունվարից հետո 5 անգամ դիմում են ուղարկել կառավարություն, սակայն դրանք անպատասխան են մնացել:

Խաչատրյանը նշեց, որ պահանջում են օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին. «Ես մինչև վերջ մնալու եմ մայրերի կողքին: Հորդորում եմ քայլեր չձեռնարկել ինձ վարկաբեկելու համար: Ես որդի եմ կորցրել, դրանից ծանր բան ինձ համար չի կարող լինել»:

Խաչատրյանը հիշեցրեց վարչապետի հետ նախկին հանդիպումը: Այն ժամանակ վարչապետը մեկնելու էր ԱՄՆ և խոստացել էր վերադառնալուց հետո հանդիպել մայրերի հետ. «Երբ վարչապետը վերադարձավ, ես զանգահարեցի խոսնակին, նա ասաց, որ հետ կզանգեն, սակայն մինչև հիմա չեն զանգել»:

Խաչատրյանը խոստացավ, որ երբեք միայնակ չի թողնելու զոհվածների մայրերին ու հասնելու է հարցի լուծմանը:

Խաչատրյանի խոսքերով, այսօր օգնության կարիք ունի 5646 զոհվածի ընտանիք. «Պայքարը շարունակվելու է: Պետք չէ քաղաքականացնել հարցը: Վարչապետը Վանաձորում հայտարարեց, որ գումար կա, հիմա մենք էլ ասում ենք, որ պետք է օգնել զոհվածների ընտանիքներին: Վարչապետի հետ մեր սպասելիքները չարդարացան, դրա համար նորից եկել ենք կառավարություն»:

Մայրերը նաև հիշեցնում են, որ պետությունը 30 միլիոնական դրամ է տրամադրել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին՝ նշելով, որ պետք է արդարություն լինի ու զոհված զինծառայողների ընտանիքներին ևս պետք է օգնություն տրամադրվի։

Նույն շարքից