Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունները սկսել է Արևմուտքի թողտվությամբ. թուրքագետ

analitik.am

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 7-ից հարվածներ են հասցնում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի (SDF) մաս կազմող քրդական կազմավորումների հենակետերին: Հարձակման հիմնական թիրախում են Սիրիայի հյուսիսարևելյան նահանգները: Արդեն խոսում են զոհերի և վիրավորների մասին: Ինչո՞ւ է Թուրքիան հենց հիմա հարձակվել Սիրիայի վրա և որոնք են Թուրքիայի նպատակները. այս հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ:

Թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիան նախ և առաջ սպասարկում է ՆԱՏՕ-ի շահերը, իսկ Սիրիայի վրա Թուրքիայի հարձակումը մի քանի նպատակ ունի. դեռևս 2011թ-ին էր նախատեսված թուրքական գործոնի միջամտությունը սիրական պատերազմում, որին խոչընդոտեցին արևելյան բլոկի երկրները, հիմնականում Ռուսաստանը. «Հետագան ցույց տվեց, որ արևմուտքի երկրների ռազմական գործողություներն այնքան արդյունավետ չէին, ինչպես պլանավորել էր արևմուտքը և վաղ թե ուշ թուրքական խաղաքարտն օգտագործվելու էր»,-ասաց նա և հավելեց, որ Թուրքիայի կողմից ռմբակոծվող տարածքներում հիմնավորվել են Քրդական բանվորական կուսակցությունը և Սիրիայի քրդերի հակաթուրքական ճյուղը, որոնք փաստացի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգությանը:

«Հենց այդ նպատակով էլ Արևմուտքի թողտվությամբ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում: Եվ սա առաջին դեպքը չէ: Թուրքիայի նախորդ ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ թուրքական զորքերը վճռականորեն են տրամադրված՝ ճնշելու այն հենակետերը, որտեղ, ըստ թուրքական հատուկ ծառայությունների տվյալների, հովանավորություն են գտնում քրդական բանվորական կուսակցության քրդերը»,-ասաց Մուշեղ Խուդավերդյանը:

Արդյո՞ք Թուրքիայի նպատակը քրդերն են, թե այլ նպատակներ ևս ունի Անկարան: Թուրքագետը կարծում է, որ Սիրիան արդեն պատերազմական գոտի է, և Թուրքիան հայտարարել է, որ հարձակվել են Սիրիայի տարածքում գտնվող քրդական ուժերի վրա ու դրանով աջակցելու են Սիրիայի ինքնիշխանությանը:

«Իհարկե Թուրքիայի նպատակն է մեծացնել Արևմուտքի ազդեցությունը Սիրիայում: Սիրիայի այս հատվածներում լարված են թուրք-քրդական հարաբերությունները, իսկ Թուրքիայի արևելյան հատվածում թուրքական բանակը քրդերի հետ բախումներում նորանոր կորուստներ է գրանցում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիային ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններին, թուրքագետը կարծիք հայտնեց, որ հակասական հայտարարություններ անելը, կարծես թե, բնորոշ է արևմտյան դիվանագիտությանը:

Թուրքագետը հիշեցրեց, որ Թրամփը սպառնում էր կործանել Թուրքիայի տնտեսությունը, հետո հայտարարեց, որ Թուրքիան ԱՄՆ-ի խոշորագույն առևտրական գործընկերն է և այսպես շարունակ:

Ինչ վերաբերում է թուրք-սիրիական առճակատման խնդրում Հայաստանի դիրքորոշմանը, Մուշեղ Խուդավերդյանը նշեց, որ Հայաստանի գլխավոր խնդիրն այն է, որ Սիրիայի հայ համայնքը շատ չտուժի, սակայն այս հարցում մեր երկրի հնարավորությունները փոքր են և Հայաստանը չի կարող հակազդել այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացների վրա, ինչպիսին Սիրիայի հակամարտությունն է. «Հայկական համայնքի անվտանգությունը ցածր մակարդակի վրա է»,- շեշտեց թուրքագետը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից