Հայաստան 

Իմ շրջապատում շատերը գիտեն Հայաստանի մասին. ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան

analitik.am

 Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակդեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերը հանձնելու ժամանակ ունեցել է նաեւ կարճատեւ զրույց եւ քննարկել ֆրանս-հայկական երկկողմ հարաբերություններն ու հեռանկարները: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը կրկնեց այն խոսքերը, որ ասել էր նախօրեին Սերժ Սարգսյանին:



«Շատ ուրախ եւ հպարտ եմ, որ նշանակվել եմ Հայաստանի դեսպան: Հայաստանը Ֆրանսիայի համար կարեւոր երկիր է, որի հետ մենք ունենք վաղեմի պատմություն եւ համագործակցություն: Երբ նոր էի նշանակվել դեսպան, պարզեցի, որ իմ շրջապատում շատերը գիտեն Հայաստանի մասին եւ հայերի մասին Ֆրանսիայում շատերն են խոսում: Տասն օր է, ինչ Հայաստանում եմ եւ պարզել եմ, որ Ֆրանսիան էլ այն երկիրն է, որի մասին Հայաստանում խոսում են»,- ասաց դեսպանը` հավելելով, որ այդ փաստն իրեն շատ է ոգեւորել:



Դեսպանի աշխատանքի կարեւորագույն առաքելությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների ակտիվացումն է, եւ Շարպատիեն խոստովանում է, որ երկկողմ բարեկամական հարաբերությունների մակարդակն էլ ավելի զարգացնելու եւ բարձրացնելու համար ջանք չի խնայելու: «Տրամադրված ենք շարունակել այն մոտեցումների ոգով, որոնք եղել են մինչ օրս: Պետք է ծավալել երկխոսություն Հայաստանի պատկան մարմինների հետ եւ ընդհանուր ուժերով սկսել գործունեություն, որն ուղղված է լինելու ապագային»,- ասաց դեսպանը` հավելելով, որ քաղաքական բարձր երկխոսությանը պետք է հետեւեն նաեւ խորհրդարանական այցելությունները, մշակութային, գիտական, կրթական եւ գյուղատնտեսության ոլորտներում ակտիվ համագործակցությունը:

Նույն շարքից