Հայաստան 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը` արցախյան հարցի մասին

analitik.am

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտիեն, ով երեկ է իր հավատարմագրերը հանձնել Նախագահ Սարգսյանին, այսօր լրագրողների հետ անդրանիկ հանդիպումը ունեցավ և մանրամասներ ներկայացրեց իր հետագա գործունեության մասին:

«Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր երկիր է, երկիր, որի հետ մենք ունենք վաղեմի համագործակցություն: Հայաստանն այն երկիրն է, որի մասին մշտապես խոսում են Ֆրանսիայում»,-լրագրողներին ասաց նորանշանակ դեսպանը՝ գոհունակություն հայտնելով, որ իրեն բաժին է հասել հայ-ֆրանսիական հարաբերություններն ակտիվացնելու գործը:

«Առաջին հերթին ես երկխոսություն եմ սկսելու Հայաստանի ամենատարբեր կառույցների հետ և ծավալելու եմ մի ընդհանուր գործունեություն, որն ուղղված կլինի դեպի ապագան: Երկրորդն այն է լինելու, որ մենք պետք է ծավալենք անհամեմատ շատ գործունեություն տնտեսական ոլորտում: Գիտեմ, որ տնտեսական մակարդակում մեր հարաբերությունները զիջում են քաղաքական մակարդակում առկա հարաբերություններին: ՌԴ-ից հետո մենք երկրորդ ներդրողն ենք Հայաստանում, բայց ապրանքաշրջանառության թիվը բավական համեստ է»,-ասաց դեսպանը, նշելով, թե ամեն ինչ պետք է անել այդ բացը լրացնելու համար:

Դեսպանն ասաց նաև, որ Նախագահի հետ հանդիպման ընթացքում արծարծվել են հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր և դրանց հետագա ընթացքը:

 

Դեսպանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս մեկ անգամ հայտարարել է իր ներկայության մասին. նա եկող տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին լինելու է Հայաստանում:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է իր դիրքորոշումը Արցախյան հարցի վերաբերյալ, դեսպանն ասաց, թե ինքը կարող է մեջբերել միայն Ֆրանսիայի դիրքորոշումն այդ հարցում, իսկ այդ դիրքորոշման մասին բոլորը գիտեն, և այդ դիրքորոշման մասին հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի Նախագահը ևս մեկ անգամ ասաց:

«Այն իրավիճակը, ինչ կա այսօր, չի կարող երկար տևել, պետք է ընդունել երկուստեք ընդունելի լուծում, որը կհամապատասխանի խնդրո առարկա երկրների բնակիչների պահանջներին»,-հայտարարեց դեսպանը՝ շարունակելով, թե հավատարիմ մնալով այս մոտեցմանը՝ սրանով էլ պայմանավորված էր Ֆրանսիայի Նախագահի՝ երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով՝ դեսպանն ասաց, թե Ֆրանսիան կսատարի ցանկացած քայլ, որը միտված կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և դա այն մոտեցումն է, որը կանոնավոր կերպով մշտապես կրկնվում է:

Հարցին, թե Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին էր խոսվում, և արծարծվում էր Ֆրանսիայի անունը, դեսպանը պատասխանեց, թե հայկական իշխանությունները դեռևս չեն դիմել Ֆրանսիային, իսկ դիմելու դեպքում Ֆրանսիան պատրաստ է աջակցել:

Լրագրողի հարցին, թե քանի որ պարոն դեսպանի կենսագրությունում նշված է, որ նա տիրապետում է մի շարք լեզուների, չի՞ պատրաստվում ուսումնասիրել հայերենը, դեսպանը հայերենով պատասխանեց. «Ափսոս, հայերեն խոսել չեմ կարողանում»։

Այսուհանդերձ նա խոստացավ առաջընթաց գրանցել:

Նույն շարքից