Հայաստան 

Եռյակը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ

analitik.am

 Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի նիստում քննարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի` կառավարությանն առաջարկել է կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետերի փաստաթղթին: Այս մասին եռյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:


«Քանի որ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել կրկին անդրադառնալ այդ կետերին, մենք հույս ունենք, որ այն իր խոսքը գործով կապացուցի: Մեր 12 կետերի մեջ կա կետ, որը վերաբերում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններին: Մենք առաջարկում ենք անցնել 100 տոկոսանոց համամասնական համակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ցուցակը: Այս կետի իրականացման համար ոչ շատ ժամանակ է հարկավոր, ոչ էլ ֆինանսական միջոցներ: Մենք առաջարկում ենք, որպեսզի իշխանությունները  համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը բերեն խորհրդարան, և մենք երկու ժամում կարող ենք իրագործել Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու գործընթացը, որը մեր 12 կետերից մեկն է»,- նշեց Հակոբյանը:


Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե իրենք 12 կետերի շուրջ կրկին բանակցությունների մեջ են մտնում իշխանությունների հետ: Նա ընդգծեց, որ իրենք այսպիսով ցանկանում են համոզվել, որ իշխանությունների ցանկությունն իսկապես անկեղծ է: «Եթե նրանք գործնականում ապացուցեն, որ իմիտացիոն գործընթաց չեն իրականացնում, մենք մնացած հարցերի շուրջ պատրաստ կլինենք բանակցել և համատեղ ուժերով հասնել 12 կետերի կատարմանը»,- ընդգծեց նա:


Ռուբիկ Հակոբյանը նշեց նաև, որ եթե իշխանությունները գնան 12 կետերի իրականացման ճանապարհով, իրենք կարող են հրաժարվել համակարգային իշխանափոխության պահանջից՝ միաժամանակ ընդգծելով, որ համակարգային իշխանափոխության հարցն այս պահին մնում է իրենց օրակարգում:

Նույն շարքից