Հայաստան 

Պետք է շնորհավորենք ՀՀ ցանկացած քաղաքացու, որ դուք չեք աշխատում իրավապահ մարմիններում. Դ. Հարությունյանը` Ն. Փաշինյանին

analitik.am

Ազգային ժողով-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանը չի նշանակվել Սյունիքի մարզպետ, քանի որ քվեարկությունը համապատասխան ընթացակարգով չի արվել:


Փաշինյանը նշեց, որ գրավոր հարցում է ուղարկել Կառավարությանը՝ պարզելու, թե սեպտեմբերի 25-ի նիստում, երբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, ինչպիսի՞ն է եղել քվեարկությունը և խնդրել է ներկայացնել այդ նիստի տեսաժապավենը, ինչը Կառավարությունը չի ուղարկել:


«Ովքեր են մասնակցել նիստին, քվեարկություն եղե՞լ է, թե՞ ոչ, և եթե քվեարկություն չի եղել, ինչի՞ հիման վրա է ընդունվել այդ որոշումը, այս հարցերն էին, պատասխանները չեն ուղարկվել»,-ասաց պատգամավորը:

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հավատացրեց, որ Կառավարության բոլոր որոշումներն էլ քվեարկությամբ են ընդունվում, և յուրաքանչյուր դեպքում վարչապետը հարցնում է, թե ի՞նչ կարծիքներ կան, ո՞վ է դեմ, և եթե դա լինում է, ապա հաշվի է առնվում, որ այդ նախարարը դեմ է, իսկ եթե նման բան չի լինում, վարչապետը հայտարարում է՝ որոշումն ընդունված է ու անցնում է առաջ:

 

ՀԱԿ պատգամավորը հակառակը պնդելու համար միացրեց նիստի ձայնագրությունը, որտեղ, իր խոսքով, երևում էր, որ քվեարկություն չի եղել, և ըստ այդմ էլ՝ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել:


Ըստ Փաշինյանի՝ իր պնդումը պետք է Հատուկ քննչական ծառայությունն ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին ու ենթարկի համապատասխան քննարկման ինչպես հարկն է:


Դավիթ Հարությունյանը պնդեց, թե Փաշինյանի նման եզրակացությունը իրավաբանության հետ ոչ մի առնչություն չունի և հավելեց. «Պետք է շնորհավորենք ՀՀ ցանկացած քաղաքացու, որ ձեզ հնարավորություն չի տրվել աշխատել իրավապահ մարմիններում: Եթե նման մեկն աշխատեր իրավապահ մարմիններում, 37 թիվը մեզ կթվար ժողովրդավարական»:

 

Ինչ վերաբերում է ձայնագրությունը, ապա նախարարն ասաց, որ որևէ մի նախարարի մոտ հարց չի առաջացել քվեարկության հետ կապված, այդ պատճառով էլ հարց չի եղել:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին հայտարարեց, որ նախադեպ չպիտի դառնա, որ նիստին բջջային հեռախոսներ միացնեն՝ լինի դա ձայնագրություն, թե մեկ այլ բան:


«Մյուս անգամ խոսափողը կպահանջեմ անջատել»,-ասաց նա:

Նույն շարքից