Հայաստան 

Հորդորում եմ Կառավարությանը՝ աշխատել օրենքի սահմաններում. Փոստանջյան

analitik.am

Այսօր Ազգային ժողովի նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հորդորեց Կառավարությանը՝ աշխատել օրենքի սահմաններում ու չծանրաբեռնել դատական համակարգը իրենց կողմից ներկայացված հայցերով: Նա նշեց, որ գրավոր հարցում է ուղարկել Կառավարություն ու պատասխան չի ստացել՝ հավելելով, որ ականատես է եղել, թե Կառավարությունն օրենքի ինչ խախտմամբ է Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակել:

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ գրավոր հարցը սահմանված կարգով չի ներկայացվել ու այդ պատճառով էլ որպես պատգամավորական հարցում չի ներկայացվել, ամեն դեպքում՝ այդ հարցը կուսումնասիրվի:

Պատգամավորի բուն հարցը վերաբերում էր «Սևան» ՔԿՀ-ի բանտարկյալներից մեկի՝ Անդրանիկ Բեգլարյանի նամակում արծարծված խնդրին: «Այդ կալանավորը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, ութ ամիս է՝ պատիժ է կրում, չափանիշներն ունի, որ ենթարկվի պայմանական ազատազրկման, բայց չի ենթարկվել: Այսօր շուրջ չորս հազար կանալավոր կա ՀՀ-ում, ու կարող ենք թեթևացնել մեր կալանավայրերը, օգնել, որ նրանք ազատ արձակվեն ու ինտեգրվեն հասարակության մեջ»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ քաղաքացին գողացել է մի քանի բջջայն հեռախոս, ծնողազուրկ է, ունի ինը ամսական երեխա:

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ նախարարը չի կարող տիրապետել բոլոր դատապարտյալների քրեական պատմությանը: «Սևան» ՔԿՀ-ում, որպես կանոն, կրկնահանցագործներն են գտնվում, և շատ հնարավոր է, որ այդ անձը վարքագծի խնդիր է ունեցել ՔԿՀ-ում, որովհետև դա էական նշանակություն ունի պայմանական ազատության դեպքում»,-ասաց նա:

Ամեն դեպքում՝ նա խոստացավ ուսումնասիրել այս կանալավորի գործն ու մանրամասները ներկայացնել պատգամավորին: Ինչ վերաբերում է պայմանական ազատազրկման ծրագրին, ապա նախարարն ասաց, որ հայեցակարգը հիմա մշակվում է:

Նույն շարքից