Հայաստան 

Բաքուն կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում, նշվում է.


«Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը:

Նույն շարքից