Արենի համայնքի Չիվա բնակավայրում շինարարական աշխատանքների ժամանակ բնակիչների կողմից հայտնաբերվել է թվով չորս թոնրի հետք: Թոնիրները տեղադրված են խաչաձև։ Այս մասին Analitik.am-ը տեղեկացավ Արենի համայնքի ֆեյսբուքյան էջից:
Դեպքի մասին համայնքի ղեկավարը տեղեկացրել է համապատասխան մարմիններին։
Ըստ տեղացիների խոսքերի, այդ տարածքից ժամանակին գտնվել են նաև խաչքարեր։
Նշենք, որ Չիվա գյուղը գտնվում է Վայոց ձոր մարզի հարավ-արեմտյան մասում, Եղեգնաձոր-Երևան մայրուղու վրա, ծովի մակերևույթից բարձր է 1116 մ։ Ժողովրդական ավանդության համաձայն` 735թ. Մոզի կործանիչ երկրաշարժից ահաբեկված փախչող մարդիկ հասնում են Չիվայի տարածք, հանգիստ առնում և գոչում` չիք վայ, չկա վայ, որտեղից էլ առաջանում է գյուղի անունը։ Մետաքսի ճանապարհի մի ճյուղը Սելիմով հասել է Արենի, մի ճյուղով էլ թեքվել է Չիվա`ուղղություն վերցնելով դեպի Դվին և Այրարատ։ Ենթադրվում է, որ գյուղը բնակեցված է եղել դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից։ Այդ մասին են վկայում հին գյուղատեղի տարածքում հայտնաբերված կարասներով թաղումները։