Հայաստան 

Կառավարության անդամները զբաղված են կոռուպցիոն սթրիփթիզով. Փաշինյան

analitik.am

Այսօր սուր ելույթով 2015թ բյուջեն քննադատեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա 2015թ.-ի բյուջեն անվանեց անողնաշար բյուջե` «Երևի Աստված մի դուռ կբացի» տրամաբանությամբ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, բյուջեի փաստաթղթում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին, չի երևում, այդ բյուջեի արդյունքում աղքատությունը ավելանալո՞ւ է , թե ոչ:


  «Պետությունը հայտնվել է տոկոսի տակ ընկած գյուղացու կարգավիճակում, երբ մի բանկից վերցնում` մյուս բանկի պարտքն է փակում: Այս բյուջեով կառավարությունը վերցնելու է 114 մլրդ դրամի պարտք, որ փակի 115 մլրդ դրամի պարտք, սա ին՞չ է եթե ոչ տոկոսի տակ ընկած պետություն: Սահամանամերձ համայնքներին տրվող դոտացիաները երեք համայքների մասով պակասել են, մյուս սահմանամերձ համայնքներինը ավելացել է աննշան ձևով:Իսկ Երևանինը 2 մլրդ դրամով ավելացել է, որովհետև Երևանում կարող են նույն փողոցը քերել ու ասֆալտ անել, դե արի մարդկանց բացատրի, որ դրանք ատկատներ չեն:   Երկու անգամ վարչապետը միջնորդավորված ինձ հավաստիացրել է, որ սահմանամերձ համայնքում գործողություններ են ձեռնարկվելու, բայց արի ու տես որ ոչինչ էլ չի արվում, խոսքը ոչ թե մի քանի արտոնություններ տալու, այլ հայոց բանակի թիկունքային առաջին գիծը ամրապնդելու մասին է»,- ասաց Փաշինյանը:


Պատգամավորը խոսեց նաև եռյակի մասին: «Սա ոչ իշխանական եռյակի դեպքը չէ, որ ամառը ասեն աշուն, աշունը ասեն ձմեռ և այդպես շարունակ: ԲՀԿ խմբակցության անդամներն ասում են` դե գիտե՞ք, էս կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել: Բայց ես էի՞ նստած այստեղ ու արագորեն անցկացնում էի Տիգրան Սարգսյանի կառավարության օրինագծերը: Չէ, այդ ես չէի, դա նույն Հովիկ Աբրահամյանն էր:Կարող է՞, մի օր էլ ասեք, որ Սերժ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել»:   Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ հարց ու պատասխանին, որը հիշվեց «թանկանոց կոստյումի» վերաբերյալ թեժ բանավեճով: Ըստ Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Խաչատրյանի պատասխանը գողական էր, և ինքը թույլ չի տա գողական խոսել ոչ իր, ոչ էլ իրեն ընտրած քաղաքացիների հետ: Վերջում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության անդամները իրենց կաբինետներում զբաղված են կոռուպցիոն սթիփթիզով, որից ժողովուրդը ահագին գրգռվել է: 

Նույն շարքից