Հայաստան 

Հակառակորդի հետ պետք է խոսել իր լեզվով. Աղվան Վարդանյան

analitik.am

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով հայկական ուղղաթիռի կործանման միջադեպին, նկատեց, թե հույս ունի, որ հակազդեցությունն այս անգամ գոնե այլ կլինի: 

«Մենք լավ ենք ճանաչում մեր հարևանին, նրա քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել`անընդհատ լարվածություն ստեղծել, անընդհատ փորձել խոսել ուժի դիրքերից, ցույց տալ, որ դա իր տարածքն է: Սա մեզ համար սովորական է, բայց հակազդեցությունն այս անգամ գոնե պետք է այլ լինի»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը տարիների ընթացքում տեսել է միջազգային հանրության արձագանքը, որը համարժեք չէ և մշտապես հնչում է երկակի ստանդարտներով հերթական հայտարարությունների տեսքով, որ պետք է փոխադարձ զսպվածություն լինի: Իսկ այդ հարցում, ըստ նրա, շատ լուրջ անելիք ունի մեր Արտաքին գործերի նախարարությունը:

«Մինչև հակառակորդը չզգա, որ մեկին տասը պատժվում է, այդ սադրանքները շարունակվելու են»,-ասաց նա: 

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասով էլ, որ Ղարաբաղի օդային տարածքը ոչ թռիչքային է, ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց. «Երեք տարի շարունակ մենք փորձում ենք ապահովել Ղարաբաղի օդակայանի գործարկումը, խաղաղ թռիչքներ ապահովել և մյուս կողմից՝ այսպիսի դիրքորոշում: Խնդիրը նուրբ է, ԱԱԽ-ի երեկվա նիստում, վստահ եմ, նաև այս հարցերն են քննարկվել, բայց սա ևս մեկ անգամ ապացուցում է`հակառակորդի հետ պետք է խոսել իր լեզվով: Ցանկացած թուլության նշան, զիջելու ցանկացած պատրաստակամություն, իրենց կողմից կբերի իրավիճակի եռակի-քառակի սրման: Մի տեղ մենք պետք է իսկապես հասկանանք`որքան էլ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունն ուղղված է դիվանագիտական ճանապարհով հարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային հանրության հետ աշխատելուն, պիտի հակառակորդին տալ համարժեք պատասխան»:

Նույն շարքից