Հայաստան 

Ռուբեն Հակոբյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

analitik.am

Հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել էր ուղերձ և հռչակագիր եռյակի համար:


Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ էր նշանակում այդ հռչակագիրը, և արդյո՞ք դա վկայում է եռյակի ներսում անհամաձայնությունների մասին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Որոշակի խնդիրներ, իհարկե, կան, որ միասնական դրսևորումներ չեն գտնում, և Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հռչակագիրը միտված է հետևյալին, որ այն, ինչ անում ենք, պետք է ամրագրենք նաև փաստաթղթով, ու դա պետք է դառնա եռյակի միասնական ծրագիր: Ոչ թե առանձին-առանձին ամեն քաղաքական ուժի ղեկավար  ինչ-որ երևույթների մասին մեկնաբանի հարթակից` չպայմանավորված, նոր դրա շուրջ եռյակը քննարկի, այլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր ձևակերպում ու գործընթաց, որը պետք է տեղի ունենա, պետք է լինի եռյակի միասնական ծրագիր»:   Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության տեքստը համաժողովրդական շարժմանն ուղղված հայտարարություն է, որը, պետք է դառնա եռյակի միասնական մոտեցում:  


Հարցին, թե այդ հռչակագիրը նշանակո՞ւմ է, որ եռյակի համագործակցությունը պետք է փաստաթղթային տեքստ ստանա, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Այս հռչակագիրը հենց այդ մասին է ասում: Կան խոսքեր, բայց դրանք, ի վերջո, պետք է փաստաթղթավորվեն»:   Հարցին` եթե եռյակի մյուս երկու ուժերը չստորագրեն այդ հռչակագիրը, ապա հետո ի՞նչ է լինելու, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ` կստորագրվի: Իհարկե, տեքստը հնարավոր է` որոշ խմբագրումների կենթարկվի, բայց բոլորի մոտ այն տպավորությունն է, որ պետք է ֆորմալացվի ու փաստաթղթավորվի մեր անցնելիք ճանապարհը: Բացառապես, որևէ հայտարարություն, որ կհնչի եռյակի անունից, դա պետք է նախապես քննարկվի ու կոնսենսուսով մատուցվի հասարակությանը»:   Հարցին` արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը այս հռչակագիրը կազմելիս խորհրդակցել է մյուս երկու ուժերի հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Այ դրա մասին եկեք` չխոսենք, որովհետև ներքին խոհանոցում ինչ-որ բաներ լինում են, որոնք չեմ կարծում, թե այդքան կարևոր են»:  


Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Րաֆֆի Հովհաննիսյանի հռչակագրի հետգրությունը, նա պատասխանեց. «Նորմալ, մարդկային, էմոցիոնալ հետգրություն է, դա իր ոճն է: Շատ ազնիվ մաքուր հայ մարդ է, ով ապրում է իր էմոցիոնալ դաշտում: Րաֆֆի Հովհաննիսյանի առավելությունը, գուցե թերությունն այն է, որ շատ ազնիվ է, պարզ ու մարդկային, ահա ինչու նա անուններով է դիմում` Սերժ, Բաքո, Սեյրան… Ի վերջո, եկեք` հասկանանք, որ սա մեր պետությունն է, որտեղ կան սխալներ, ուրեմն եկեք` այնպես անենք, որ այս պետությունը կարողանա դիմակայել թշնամուն»: 


Նույն շարքից