Հայաստան 

ՀԱԿ-ն իշխանությունների հետ բանակցությունների չի գնա. Լևոն Զուրաբյան

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականին, որ պետք է անդրադառնան ոչ իշխանական ուժերի առաջադրած 12 կետերին:

Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի անունից հայտարարեց, որ իրենք որևէ պայմանով չեն պատրաստվում բանակցությունների գնալ իշխանությունների հետ: «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այդ առաջարկը, որը 5-6 ամսվա ուշացումով հիշեց 12 կետերի մասին, նշանակում է մեկ բան, որ չգիտես ինչու իրենք որոշել են ընդդիմության պահանջները լուրջ ընդունել այս անգամ»,- ասաց նա և նշեց, որ բացատրության համար պետք չէ հեռու գնալ:

«Խնդիրն այն է, որ իշխանությունը վախեցել է ընդդիմության հանրահավաքներից, այն թափից, որ շարժումն առնում է և որոշել է ընդդիմությանը ներքաշել մի գործի մեջ ու սպասում է, որ ընդդիմությունը կգնա զիջումների ու կմտնի բանակցությունների մեջ՝ ինչպես եղավ 2010թ-ին, և ուզում է ընդդիմությանը բրել մի վիճակի, որտեղ ինքը ամրապնդված կլինի»,- ասաց նա և հավելեց, թե, բնականաբար, իրենք այդ պրոցեսի մեջ չեն ներքաշվելու:

«Մենք իշխանության խոսքերին չենք հավատում և հավատում ենք միայն գործերին, բանակցություններ չեն լինելու, եթե բան ունեն անելու, ոչ թե ասելու, թող անեն»,- ասաց նա։

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց եռյակի նախապայմանները, որ կներկայացնեն 12 կետերից մեկի իրականացման առաջարկ: «Ավելի շատ քայլ է մեր կողմից: Եռյակը պլանավորել է արտահերթ նիստ հրավիրել, և այն կետը քննարկել, որը վերաբերվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, այսինքն՝ անցում 100% համամասնական ընտրակարգին և ցուցակների հրապարակում»,- ասաց նա:

Հարցին, որ եթե նշված 10-րդ կետը կատարվի, իշխանությունների հետ կգնան բանակցությունների, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ կատարեն, դա չի նշանակում, որ մնացած կետերի հարցով իրենք պատրաստ ենք բանակցել:

Իսկ այդ դեպքում ԱԺ «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ինչու էր նշել, թե պատրաստ են, Լևոն Զուրաբյանը նշեց, որ դա իր համար նորություն է. «Հակառակը՝ կարծիքներ ենք կիսել, որ ոչ մի բանակցության չենք գնալու»:

Իսկ հարցին,թե եռյակն ինչու հանրահավաքների անցկացման համար համաձայնության չի գալիս, հատկապես որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ եթե եռյակից որևէ ուժ ցանկանում է հանրահավաք անել, թող անի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ընդհանրապես եռյակում այն մոտեցումն ունենք, որ ինչ անում ենք, պետք է անենք երեքով: Մարտի 1-ին արեցինք մեծ հանրահավաք, եթե հիշում եք գաղափարական սկիզբը դրվեց հանրահավաքային շարժմանը, լցրեցինք Ազատության հրապարակը, բայց պետք է խոստովանենք այն հանրահավաքները, որ տեղի են ունենում, շատ ավելի հզոր ու բազմամարդ են ու շատ ավելի արդյունավետ իշխանության վրա ճնշում գործադրելու համար: Բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս հանրահավաքը պետք է լինի վճռական գործողությունների հանրահավաք, որի ընթացքում գուցե լինի շուրջօրյա հանրահավաք»,- ասաց նա:

 

Նույն շարքից