Հայաստան 

Եռյակն ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի

analitik.am

Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակը արտահերթ նիստ կհրավիրի, որի օրակարգում կլինի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու հարցը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ դա իրենց առաջարկած 12 կետերից ամենակարևորներից մեկն է, և դրանով իրենք կհասկանան, թե որքանով է իշխանությունը լուրջ տրամադրված կրկին անդրադառնալ իրենց առաջարկներին: «Ես ցանկանում եմ ասել, որ մենք բանակցությունների մեջ չենք ներքաշվելու, որովհետև մենք խոսքերին չենք հավատում, այլ հավատում ենք գործերին: Եթե ցանկանում են ինչ-որ լավ բան անել, թող անեն: Մենք իրենց այդ հնարավորությունը կտանք»,- նշեց Զուրաբյանը:


Նա ընդգծեց, որ արտահերթ նիստի օրակարգն արդեն հայտնի է՝ եռյակը կներկայացնի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, մասնավորապես՝ կառաջարկեն անցնել 100 տոկոսանոց համամասնական համակարգի, ինչպես նաև ընտրություններից հետո հրապարակել ընտրացուցակները: «Օրը դեռևս չենք որոշել: Երբ կորոշենք օրը, բոլորդ այդ մասին կիմանաք»,- նշեց նա:

 

Զուրաբյանն ընդգծեց, որ եթե իրենց առաջարկած 12 կետերից մեկը կատարվի, դա չի նշանակում, որ մնացած 11 կետերի հետ իրենք պատրաստվում են բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ: Դիտարկմանը, թե Ռուբիկ Հակոբյանն ասել է, որ իրենք այդ դեպքում պատրաստ կլինեն մասնակցել մյուս կետերի կատարման ճանապարհային քարտեզի վերաբերյալ  քննարկումներին, Զուրաբյանը նշեց, որ իր համար դա նորություն է, սակայն նշեց, որ իրենք ընդհանուր պայմանավորվածություն ունեն բանակցությունների մեջ չմտնել իշխանությունների հետ: Միևնույն ժամանակ, Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ պատրաստ են իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնել երկիրը ժողովրդավարական ճանապարհով տանելու իրական գործընթացների դեպքում, ինչը կլինի միայն հրապարակային գործարքների տեսքով:

Նույն շարքից