Գլխավոր Տնտեսություն 

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այս տարի մենք կունենանք 7 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է: Այս մասին Արագածոտնի մարզում տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որ գործող կառավարությունը հանդիսանում է տնտեսական վիճակի քաղաքական պատասխանատուն:

Վարչապետ Փաշինյանը նշեց, թե հասկանալի է, որ Հայաստանի բազան շատ ցածր է և 7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է երջանիկ զգալ. «Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր ունեցած տնտեսական ամբիցիաները կարող են իրականություն դառնալ, մեր տեսլականն իրատեսական է»:

Փաշինյանի խոսքերով, այսօր Հայաստանում չկա բաժանում ընդդիմադիր-իշխանամետ գործարարների միջև. «Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ: Մենք նրանց համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Տնտեսական հեղափոխությունը հնարավոր չէ, առանց գործարարների հետ դաշնակցելու, ովքեր իրենց պետք է պաշտպանված զգան: Հենց այսօր գործարարը պետք է իրեն պաշտպանված զգա, քանի որ մենք վերջին 1,5 տարում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք: Ամեն գործարար, ով քարը քարի վրա է դնում, օրենքի շրջանակներում է գործում, հարկ է վճարում, պետք է իր թիկունքում զգա կառավարության աջակցությունը՝ անկախ այդ գործարարի քաղաքական հայացքներից»:

Վարչապետի խոսքերով, հաջորդ կարևոր գործոնն անհատական ջանքն է, որը բերելու է տնտեսական հեղափոխության. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի: Հեղափոխության իմաստը սա է»:

Փաշինյանը նշեց, որ այսօր Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է ներկրել այն, ինչ ցանկանում է՝ սոխ, բենզին և այլն, միակ պայմանն այն է, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում:

Նույն շարքից