Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձն էր, նա դարձավ 67 տարեկան։ Ավելի վաղ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն իր ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքի և ընկերների հետ, ինչպես նաև շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներից։ Բացի այդ, ծննդյան նախօրեին Պուտինը Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ իր հանգիստն է անցկացրել Սիբիրի անտառներում։ Այս մասին գրում է inosmi-ն։
Կրեմլի կողմից հրապարակված տեսանյութում և լուսանկարներում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի նախագահը զբոսնում անտառում, սունկ հավաքում և վայելում սիբիրյան տայգայի տեսարժան վայրերը։ Երկրի այս հեռավոր անկյունը գտնվում է ծովի մակարդակից 2,500 մ բարձրության վրա:
Նշվում է, որ որսորդության կամ ձկնորսության գնալիս Պուտինին ուղեկցում է Շոյգուն: Ինչպես նշել է Միխայիլ Զյիարն իր հեղինակած գրքում, հենց Շոյգուն է կազմակերպել 2007 թվականին ձկնորսության ժամանակ արված Պուտինի հայտնի լուսանկարները։
Ականատեսների խոսքով, Պուտինը լուսանկարահանման հրապարակում ծայրաստիճան կարգապահ է։ Օրինակ՝ Հեմչիկ գետում արված հայտնի լուսանկարը ստանալու համար, Պուտինը ստիպված է եղել անցնել գետով երեք անգամ։ Այդ ժամանակ նույնպես Պուտինին ուղեկցել է Շոյգուն։