Քաղաքականություն 

Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Գարիկ Սարգսյանը «բռնվեց»

analitik.am

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պնդում է, որ մարզպետարանի մոտ բողոքի ակցիա անող Նորաշեն համայնքի բնակիչներին թափթփուկ չի անվանել:

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նաև հերքեց Նորաշենի պաշտոնանկ արված համայանքապետ Նորայր Գրիգորյանի հայտարարությունը, թե մարզպետն իրեն առաջարկել է անդամագրվել ՔՊ կուսակցությանը, սակայն ինքը մերժել է, դրա համար էլ պաշտոնանկ է արվել. «Դա սուտ է: Շատ համայնքի ղեկավարներ մեծ ցանկություն կունենային լինել ՔՊ անդամ, սակայն իմ ու մեր քաղաքական ուժի կողմից որևէ նման առաջարկ չի եղել հեղափոխությունից հետ: Արարատի մարզում չկա գեթ մեկ համայնքի ղեկավար, ով կարող է ասել, որ հեղափոխությունից հետո դարձել է ՔՊ անդամ, մեր կողմից նման առաջարկ չի ել եղել»:

Մարզպետն ասաց, որ մարդիկ իրենց քաղաքական հետագծով, գաղափարներով պետք է հարեն իրենց կուսակցությանը, դրան մաս կազմելու համար:

Դիտարկմանը, որ շատ նախկին հանրապետականներ նշանակվեցին պաշտոնների (լրագրողը մասնավորապես հիշեցրեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի մասին, ով այսօր Սյունիքի մարզպետն է), Սարգսյանն ասաց, որ ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ. «Հունան Պողոսյանը չի եղել ՀՀԿ անդամ, նա եղել է ոստիկան, սպա, գեներալ, նրան պետք չէ կապել ՀՀԿ-ի հետ»:

Հիշեցմանը, որ ընդդիմություն եղած ժամանակ ինքն ասում էր, որ ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը, մարզպետն ասաց, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է. «Եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, ոստիկանությունը, ծառայելով իշխանությանը, ծառայում է ժողովրդին: Մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունն այսօր մեր ուժն է»:

Նույն շարքից