Հասարակություն 

Որքան է քաղաքացիների «գրպանի վրա նստել» վարչապետի ձեռագրով վահանակների տեղադրումը

analitik.am

Երևանում տեղադրված ձեռագիր գովազդային վահանակները սոցիալական գովազդ չեն հանդիսանում: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Թե ինչ նպատակ են հետապնդում ձեռագիր վահանակները, քաղաքապետարանից չասացին, փոխարենը ներկայացնելով գովազդի վերաբերյալ որոշման տեքստը:

Չպատասխանեցին նաև մեր այն հարցին, թե քաղաքապետարանը որքան է վճարել ձեռագիր վահանակների համար՝ դրա փոխարեն ներկայացնելով, թե ինչպես են սահմանվում արտաքին գովազդի համար տեղական տուրքի վճարները:

Կոնկրետ որքան է քաղաքապետարանը վճարել՝ դարձյալ չպատասխանեցին:

Նշենք, որ Երևանում տեղադրված ձեռագիր վահանակները տեղադրել են «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունները:

Ըստ «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների, պաստառները տեղադրված են լինելու Տերյան-Թումանյան խաչմերուկում, Մաշտոցի պողոտա, Մաշտոց-Պուշկին 23, 27, Մաշտոց-Պուշկին 38, Աբովյան 1 հասցեներում 07.10.2019թ.-31.12.2019թ. ժամանակահատվածով:

Ըստ «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների, պաստառները տեղադրված են լինելու Աճառյան փ., /Էլդորադո խ/ս դիմաց/, Արշակունյաց պողոտա 100, Սարալանջի պողոտա 350 հասցեներում 05.10.2019թ.-04.04.2020թ. ժամանակահատվածով:

Ըստ «Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալների, պաստառը տեղադրված է լինելու Ազատության պողոտա 3 հասցեում, 05.10.2019թ.-04.04.2020թ. ժամանակահատվածով:

Նշենք, որ ձեռագիր վահանակներից մեկի վրա Նիկոլ Փաշինյանի գրառումն է, իսկ թե ովքեր են մյուս ձեռագիր վահանակների հեղինակները և ինչ նպատակ է հետապնդում նման վահանակների տեղադրումը, երևի քաղաքապետարանում ևս տեղյակ չէին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից