Հայաստան 

ՀՀԿ-ականները դեմ են հացադուլին

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը կարծում է, որ նույնիսկ եթե ԵԱՀԿ գրասենյակի դիմաց մասսայական հացադուլ սկսվի՝ ԵԱՀԿ-ից պահանջելով զբաղվել ՄԻ-24-ի պայթեցումից զոհված օդաչուների դիակների վերադարձման գործընթացով, միևնույնն է արդյունք չի տա:

«Ո՞նց կլսի, քանի հազարավոր մարդիկ են հացադուլ արել, չեմ կարծում, որ դա ճիշտ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը նույն պահանջով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջ արդեն հացադուլ է սկսել:

Առաքել Մովսիսյանը նկատեց, թե համապատասխան մարմինները զբաղվում են խնդրով. «Դե հիմա, ամբողջ հանրապետությունով զբաղվում են այդ խնդրով։ Արտգործնախարարություն կա, որ զբաղվում է, մենք ի՞նչ կարող ենք անել, հո պատերազմ չե՞նք սկսելու: Եթե ուզում ենք պատերազմ, թող ազգովի համաձայնենք, հարց չկա»:

Նույն խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը անդրադառնալով նույն հարցին, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր կարծիքով դա ծայրահեղ քայլ է, չնայած որ հացադուլի նստած Դավիթ Սանասարյանի նպատակը նա ազնիվ է դիտարկում. «Բայց կուզեի, որ այդ ծայրահեղության չհասցվեր»,- ասաց նա:

Մանվել Բադեյանի խոսքով՝ դիակների վերադարձման համար ԵԱՀԿ-ն պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի: «Մինչդեռ ապահովում է նորից նույնը, փորձում է հավասարակշռություն պահպանել հայտարարությունների մեջ՝ Ադրբեջանի կողմից ակնհայտ դեստրուկտիվ քայլերն իբրև չնկատելով: Ես համարում եմ, որ հասցրել են մարդուն հացադուլի, չնայած խորհուրդ չէի տա շարունակել, ես ցանկացած ծայրահեղ քայլի դեմ եմ»,-նշեց նա:

Նույն շարքից