Քաղաքական 

ԲՀԿ-ական պատգամավորը ՍԴ դատավորներին համեմատեց պատերազմում հակառակորդի հետ

ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ողջունում է օրենսդրական նախաձեռնությունը, որը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական արձագանքը: Խոսքը վերաբերում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծին:

Լրագրողների հետ հանդիպմանը Բագրատյանն ասաց, որ խմբակցությունում հարցը դեռ չի քննարկվել, սակայն Վենետիկի հանձնաժողովի կողմից սպասվելիք փոփոխությունները դրական գնահատելը լավ մեսիջ է հանրությանը. «Այսինքն իշխանությունը ճիշտ ճանապարհով է գնում, եվրոպական կառույցները գնահատում են այս գործիքակազմը: Մենք ուզենք, թե չուզենք, հեղափոխության կարևորագույն պայմաններից մեկն արդարադատություն իրականացնելն է, իսկ այսօրվա գործիքակազմը վստահություն չի վայելում»:

Պատգամավորի խոսքերով, վրեժխնդրությունը կմնա մարդկանց մարմնում, եթե արդարադատություն չլինի. «Հանդուրժողականությունը կվերագտնենք, եթե տարիներ շարունակ հալածված մարդը տեսնի արդարադատության իրականացում: Ես ընդունում եմ, որ բարեփոխումների այդ ընթացքը ճիշտ է»:

Բագրատյանը ողջունում է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տալը. «Սա ավելի ընդունելի է, քան հանրային ճնշումը, ստիպելը և այլն: Ես ընդունում եմ, որ որոշ մարդիկ սա կարող են անարդար համարել: Սակայն պետք է փաստել, որ բոլորը նույն սանրի կտավը չեն, կան մարդիկ, ովքեր արժանի են լավ վերաբերմունքի: Եվրոպան այս բարեփոխումը կաշառքի մի ձև չի դիտարկում: Ես նույնպես կարծում եմ, որ սա կաշառք չէ»:

Հարցին՝ կարող ենք ենթադրել արդյո՞ք, որ իշխանությունն այսկերպ հնարավորություն է տալիս ՍԴ դատավորներին ինքնակամ հեռանալ, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ դու հակառակորդին շրջապատում ես, նա ստիպված է լինում անկանոն կրակել, վնասել և իրեն և դիմացինին. «Այդ ժամանակ միջանցք են տրամադրում, որպեսզի հակառակորդն ազատի տարածքը: Միգուցե համեմատությունը համարժեք չէ, բայց իրողությունն այն է, որ մարդկանց պետք է թույլ տալ ընտրություն կատարել»:

Նույն շարքից